Մատչելիության հղումներ

Երևանում ցուցադրվեց ռուս վավերագրողների նկարահանած ու Ռուսաստանում արգելված «Սով» ֆիլմը


Երևանում ներկայացվեց Ռուսաստանի կինոսրահներում արգելված «Սով» վավերագրական ֆիլմը, որ պատմում է 1920-ականների Խորհրդային Ռուսաստանի աղետալի իրադարձության մասին։ Այն, պատմաբանների գնահատմամբ, մոտ 6 միլիոն մարդու կյանք է խլել, 40 միլիոն մարդ տառապել է սովից։

«Կար այն զգացողությունը, որ ինչ-որ մութ բան է հասունանում։ Սովը պատերազմական ավերածության հետևանք է։ Եվ հետևությունը, որ մենք արեցինք շատ ավելի վաղ, այն էր՝ եթե չեք ուզում սով, մի սկսեք քաղաքացիական պատերազմ, չեք ուզում քաղաքացիական պատերազմ, մի սկսեք հեղափոխություններ, չեք ուզում հեղափոխություններ, մի սկսեց պատերազմներ», - ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, հայտնի գրականագետ Ալեքսանդր Արխանգելսկին։

Նա «Ազատությանը» պատմեց, որ նախապատերազմական վիճակը զգացվում էր մինչև կպայթեր առաջին ռումբը։ 2020-ից աշխատել են ֆիլմի վրա, երբ զուգահեռ հասունում էր նոր պատերազմը՝ ռուս-ուկրաինականը։

Ֆիլմի իրադարձություններից 100 տարի անց, ըստ հեղինակների, մեկ բան է փոխվել՝ պակասել է մարդասիրությունը. - «Հումանիզմը աշխարհի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն է»։

Ալեքսանդր Արխանգելսկի
Ալեքսանդր Արխանգելսկի

«Սա պատմություն է ժողովուրդների համերաշխության և համագործակցության մասին», - ասում է Արխանգելիսին՝ ենթադրելով, թե ինչու այսօրվա Ռուսաստանում այս ֆիլմն անտեսվեց։ 20-ական թվականներին Արևմուտքը օգնության ձեռք մեկնեց սովի մատնված Խորհրդային Ռուսաստանին, թեև չէր կիսում կոմունիզմի գաղափարը. - «Ֆիլմի մարդասիրական իմաստն այն է, որ այո, հանուն մարդու կարելի է անցնել գաղափարախոսության վրայով։ Այս ֆիլմում, դա մի կարճ ժամանակշրջան էր, դա արեցին բոլորը։ Ամերիկացիները, չընդունելով Սովետական Ռուսասատանը, գնացին բանակցությունների։ Հանուն արդարության պետք է ասել, որ Լենին էլ, չնայած իր բոլոր դաժանություններին, գնաց փոխզիջման։ Մի բան, որ արդեն 30-ականներին չարեց Ստալինը, և տեղի ունեցավ ուկրաինական «Գոլոդոմորը»»։

Հարցին, թե արդյոք հիմա աշխարհը կօգնի Ռուսաստանին, եթե այսօր ռուսաստանցիներները հայտնվեն հումանիտար աղետի շեմին, Արխանգելսկին պատասխանեց. - «Մարդասիրություն, անխոս, կլինի։ Բայց առաջին օգնությունը վստահաբար Ուկրաինաին կլինի։ Եվ եթե տակը մի բան մնա, Ռուսաստանին էլ կօգնեն»։

Ֆիլմի ռեժիսոր Տատյանա Սորոկինան ավելի հոռետես է, թեև ֆիլմի համահեղինակ Մաքսիմ Կուրնիկովն էլ իրեն փորձել է հակառակը համոզել՝ արևմտյան հումանիզմը դեռ չի մեռել։

Տատյանա Սորոկինա
Տատյանա Սորոկինա

«Ես չեմ կարող ասել, որ տաբու է դրված այս թեմայի վրա։ Պարզապես հիմա հենց հումանիզիմի մասին միտքն արդիական չէ։ Քանի որ այն, ինչ տեղի է ունենում գիծ է քաշում մարդասիրության վրա։ Գուցե 5 տարի առաջ խնդիր չէր լինի խոսել այս մասին, բայց ոչ հիմա, հիմա մարդու կյանքը ոչինչ է», - ասաց Սորոկինան։

«Ես շատ չեմ հավատում, որ քաղաքական գործիչները ինչ-որ ուղերձ կլսեն։ Այդ դեպքում քաղաքական գործիչ չէին լինի։ Բայց մարդիկ, որոնք քվեարկում են այդ մարդկանց օգտին, կարող են լսել, նրանց հետ իմաստ ունի խոսել։ Քաղաքական գործիչների հետ, վախենամ, ուշ է արդեն։ Նրանք զոհաբերում են մարդկանց, պատմության մեջ հազվագյուտ դեպքեր են եղել, երբ հանուն մարդու պատրաստ են եղել զոհաբերել գաղափարախոսությունը, քաղաքական, տնտեսական, այլ շահերը», - ասաց Արխանգելսկին։

Այսօրվա աղետների մասին ֆիլմ նկարահանելու մասին դեռ վաղ է խոսել, ասում է ռեժիսոր Սորոկինան՝ ընդգծելով, որ երեխա ունի, նրա մասին պետք է մտածի, իսկ եթե հանկարծ իրեն բանտարկեն...

Հումանիզմի մասին խոսող վավերագրողներին հիշեցրեցինք, որ հենց հիմա 120.000 արցախցի արդեն կես տարի է շրջափակման մեջ է՝ կտրված արտաքին աշխարհից, հումնարիատր ճգնաժամի շեմին։

«100 տարի անց էլ պատմությունից հետևություններ չեն արվում», - ընդունում է արցախյան պատմությանը քաջատեղյակ սցենարիստ Արխանգելիսկին ու եզրակացնում ՝ աշխարհն ունի իր շահերը, որտեղ հայկական ցավը լսելի չէ։

«Աշխարհում ինչ-որ բան փտել է, բայց կա դեռ այն ուղղելու հնարավորություն»։ Աղետալի ողբերգության մասին ֆիլմն ավարտվում է հումանիստ Նանսենի լավատեսական այս խոսքերով, հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG