Մատչելիության հղումներ

Որոշ վարորդներ պահանջում են վերանայել ապակիների թափանցելիության մասին օրենքը, ՆԳՆ-ն հետքայլ անելու մտադրություն չունի


Օրերս Հայաստանում կիրարկվեց օրենք, որի համաձայն վարորդները 25 հազար դրամով կտուգանվեն, եթե մեքենայի ապակիների թափանցելիությունը 70 տոկոսից ցածր լինի։

Վազգեն Գալստյանը ինքնակամ հեռացրել է իր մեքենայի ապակիների մուգ թաղանթները, բայց զուգահեռ դժգոհում է երևանյան արևի ճառագայթներից։

«Ես հիմա ահավոր շատ շոգում եմ, էս ձեռքս ամբողջովին չկա, արևը նենց է վառել, հեռու տեղ էլ չեմ գնացել, Էրեբունիից գնացել եմ առաջին մասիվ ու հետ եմ եկել», - ասաց Գալստյանը։

Վազգեն Գալստյան
Վազգեն Գալստյան

Վարորդի դժգոհությունն այսքանով չի սահմանափակվում. մեքենայի մասին էլ է մտածում․ - «Հիմա ստեղ էս կողքը ո՞նց փակեմ, կամ քշելու ընթացքում ես էս կողքը ո՞նց փակեմ, որ ստեղից արևը չընկնի, չփչացնի, ես վստահ եմ էս մեքենան, եթե սենց ամառը ամբողջովին առանց պլյոնկա մնա, փչանալու է, իսկ ո՞վ է պատասխանատու լինելու, ոչ մեկ»։

Ավտովթարների քանի տոկոսն են մուգ ապակիների պատճառով, հստակ վիճակագրություն չկա

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ այս նոր կարգը կնպաստի երթևեկության անվտանգությանը։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է՝ Հայաստանում այս պահին ճանապարհային երթևեկությունն ունի մի շարք այլ հրատապ խնդիրներ ու ճիշտ կլիներ սկսել նախ դրանցից. թվարկում է՝ շատ վայրերում չկան գծանշումներ, բազմաթիվ ճանապարհներ լուսավորված չեն, ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ չի պահպանվում անվտանգությունը։

Տիգրան Քեյան
Տիգրան Քեյան

Դժգոհ վարորդները պահանջում են վերանայել օրենքը

«Եթե թույլատրեն 50 տոկոս, 60 տոկոս, գոնե արևի ճառագայթներից պաշտպանվենք», - ասաց վարորդներից մեկը։

Բայց Ներքին գործերի նախարարությունը հետքայլ անելու մտադրություն, կարծես թե, չունի. օրերս փոխնախարար Արփինե Սարգսյանը պարզաբանել էր, որ սա ԵԱՏՄ տարածքում գործող չափանիշ է, որին միացել է նաև Հայաստանը։

Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան

Հայաստանում այս օրենքը վաղուց էր ընդունվել, բայց չէր կիրառվում, ըստ փոխնախարարի, քանի որ ոստիկանությունն անհրաժեշտ սարքերը չուներ։ Այժմ կա կարգ, որը, փոխնախարարի խոսքով, բոլորի համար է։

Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների՝ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG