Մատչելիության հղումներ

Անգլիական այգում բացվել է Մանկական գրքի փառատոնը


Ճիշտ մեկ տարի առաջ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Զանգակ» գրատունն ու «Զանգակ» հրատարակչությունը Անգլիական այգում կազմակերպեցին Մանկական գրքի եռօրյա փառատոն՝ բազմաթիվ ուշագրավ ծրագրերով և գրքի ցուցահանդես- վաճառքով։ Փառատոնը մեծ հաջողություն ունեցավ, և փակման օրը կազմակերպիչները հայտարարեցին, որ այն կդառնա ամենամյա։

Եվ ահա մեկ տարի անց հունիսի 1-ին կրկին Անգլիական այգում բացվեց Մանկական գրքի արդեն 2-րդ փառատոնը, որտեղ մի քանի տասնյակ հրատարակչություններ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց հրատարակած գրքերը, նաև գրենական պիտույքներ, նկարազարդման պարագաներ, ալբոմներ և այլ ուշագրավ իրեր։

Այգում հնչում էր ուրախ երաժշտություն, երեխաների համար հրաշալի պայմաններ էին ստեղծված վայելելու իրենց տոնական օրը, որը լի էր համերգներով, գրքերի շնորհանդեսով, հանդիպումներով մանկագիրների հետ և այլ ուշագրավ իրադարձություններով։

«Զանգակ» հրատարակչության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը փառատոնի բացմանը դիմելով երեխաներին, նաև նրանց ուղեկցող մեծահասակներին՝ ասաց. - «Հայաստանում անընդհատ գրքային միջոցառումներ են կազմակերպվում, և դրանք, կարծում եմ, մեր մշակույթի համար շատ կարևոր միջոցառումներ են։ Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, սիրելի փոքրիկներ, ես ուզում եմ Մանկական գրքի փառատոնը հայտարարել բացված։ Ուզում եմ, որ այս երեք օրը այնքան հաճելի անցկացնեք, որ այն տպավորվի ձեր հիշողության մեջ և անընդհատ հիշեք մինչև հաջորդ տարի այս փառատոնի օրը»։

Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Սոլկրատ Մկրտչյանը հետևյալ ուշագրավ դիտարկումն արեց. այսպիսի փառատոների ժամանակ շատ կարևոր է, որ հրատարակիչները ևս իրենց կատարած գործի գնահատականը ստանան. - «Կարողանան իրենց գրքերը վաճառել... Բայց պիտի նաև շատ պետական մարմիններ, մարզպետարաններ և այլն, պիտի մեզ օգնեն։ Մեզ պետք չի, որ իրենք փող վճարեն։ Մեզ պետք է, որ իրենք կազմակերպված հոսք ապահովեն, այսինքն՝ քաղաքապետարանը, օրինակ, կարող էր ավտոբուսներ տրամադրել, դպրոցներից երեխաներ գային, մարզպետարանները կարող էինք ավտոբուս տրամադրեին, մարզերից երեխաները գային։ Ամբողջ աշխարհում էսպես է։ Որ գնում ես մի տեղ գրքի փառատոն, հատկապես վերջին երկու-երեք օրերը անընդհատ ավտոբուսներով հոսք կա»։

«Զանգակ» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանն էլ ընդգծում էր, որ փառատոնի նպատակն է ստեղծել մշակութային, գրական և շատ տոնական միջավայր այս երեք օրերի ընթացքում, որոնք կկարողանան է'լ ավելի ամրապնդել երեխաների կապը գրքի հետ։ Այսօրվանից գործում է նաև արդեն տասներորդ տարին անցկացվող իրենց «Ամառային դպրոց» կոչվող ծրագիրը, երբ երեխան «Զանգակ» գրատան մասնաճյուղից մեկ գիրք գնելով կտրոն կստանա և ողջ ամառվա ընթացքում կկարողանա մասնակցել այդ ծրագրին. - «Նրանք կարողանում են մեր գործընկեր գրախանութներում անընդհատ փոխանակել գրքերը։ Դրված են գեղեցիկ գրատնակներ, որոնց մեջ կան երեսունից ավել գրքեր, և երեխան իր կարդացած գիրքը անվճար տանում փոխում է և մյուսն է կարդում։ Էսպես ամբողջ ամառվա ընթացքում կարդում են բազմաթիվ գրքեր»։

«Էդիդ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ասաց. - «Ուրախալի է, որ այս փառատոնն էլ ոնց որ ամենամյա դարձավ։ Մենք սիրով մասնակցում ենք։ Սրանից առաջ Երևան բուքֆեստ էր, որին մասնակցում ենք արդեն որերորդ տարին ի սկզբանե։ Սա էլ արդեն երկրորդ տարին է, ու ինչպես տեսնում եք, տոն է։ Տոն է ոչ միայն երեխաների համար, այլ նաև հրատարակիչների համար, որովհետև հնարավորություն ունեն այդ մեկ տարվա կտրվածքով մանկական, մանկապատանեկան ինչ նոր գրքեր ունեն, էստեղ ցուցադրելու, ներկայացնելու և հասցնելու ընթերցողին»։

Newmag հրատարակչության հիմնադիր ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ ընդգծում էր, որ իրենց հրատարակությունը ևս ձեռնամուխ է եղել այսուհետ մանկական գրքեր հրատարակելու և այս տարի իրենք ևս իրենց հրատարակած մանկակական գրքերով մասնակցում են փառատոնին։ Ուշագրավ է, որ հայ և արտասահմանցի հեղինակների մանկական գրքերը ներկայացվելու են մատենաշարով՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար՝ «Այբ», «Բեն», «Գիմ», «Դա» խորագրերի ներքո և յուրաքանչյուր մատենաշար որոշակի գույնով է հրատարակվելու. - «Սկզբունքը նորից նույնն է մնալու, ինչ մեծերի դեպքում։ Հրատարակելու ենք մանկական լավագույն համաշխարհային բեսթսելլերները, նաև աշխատելու ենք հայ հեղինակների հետ։ Փորձելու ենք հնարավորին չափով կոնցեպտուալ մոտենալ մատենաշարին և բավարարել մեր փոքրին ընթերցողների բոլոր քմահաճ պահանջները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG