Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատրյանի հետ


Շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախագահ Խաչատրյանն, անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, ընդգծել է, որ «շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն»:

«Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան», - մասնավորապես նշել է Վահագն Խաչատրյանը:

Նախագահն իր աջակցությունն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ «այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, նշել է. «Կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում»:

Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադառնալով բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ նշեց. «Մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական»:

«Կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաև առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում», - ասել է Փաշինյանը:

Նախագահ Խաչատրյանը նաև մանրամասներ է ներկայացրել իր աշխատանքային ուղևորության ընթացքում ունեցած հանդիպումների մասին: Մասնավորապես անդրադառնալով Կատարում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ հանդիպմանը՝ նախագահը նշել է. «Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ»:

XS
SM
MD
LG