Ավարտվեց ԿԳՄՍ նախարարության, «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված Գրքի միջազգային երևանյան 6-րդ փառատոնը, որն ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ։
Փառատոնի գրական մրցութային հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ մրցույթի հաղթողներ է ճանաչել «Դրամատուրգիա» անվանակարգում Սամվել Կոսյանին, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Ալիս Հովհաննիսյանին, «Պոեզիա» անվանակարգում Գևորգ Թումանյանին, իսկ «Արձակ» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Նորայր Սարգսյանը և Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Ամեն տարի թե' եռօրյա փառատոնը, թե' առավել ևս գրական մրցանակաբաշխությունը աշխուժություն են առաջացնում ընթերցասեր հանրության և գրողների, թարգմանիչների և հրատարակիչների շրջանակներում՝ մեկ անգամ ևս ի հայտ հանելով գրականության դերը մեր իրականության մեջ։
Փառատոնի ավարտից հետո «Ազատության» հետ զրույցում մեր անվանի գրողներից Գուրգեն Խանջյանն անդրադառնալով թե' փառատոնի, թե' գրական մրցույթի կարևորությանն ու անհրաժեշությանը՝ ասաց. - «Առհասարակ գրողին ուշադրություն է պետք։ Գրողը ունի դրա կարիքը, գրողը երեխայի նման է՝ խռովկան, նուրբ, նրբազգաց։ Լավ իմաստով։ Վերջին շրջանում երկու մրցանակ կար, երկուսն էլ փակեցին, դրանից էլ զրկվեց գրողը։ Դրա համար Բուքֆեստը բոլորին հավաքում է։ Բոլորը իրենց գրքերով, մրցանակներով ուշադրության մեջ են»։
Ինչ վերաբերում է ընթերցասեր, գրականասեր հանրությանն, ապա Գուրգեն Խանջյանի կարծիքով, այսօր գրականասեր հանրությունն շատ փոքր է։
Հարցին, թե արդյոք հայ գրողը կարողանում է այսօր հանրությանը հասցնել իր ասելիքը, Խանջյանը պատասխանեց. - «Հասցնում է։ Թե հանրությունը ինչքանով է վերցնում, ես չգիտեմ, բայց... մի քիչ աշխուժացել է իհարկե գրքերի վաճառքը, ընթերցանությունը։ Բայց ինտերնետը իհարկե շատ է տանում։ Բայց ժամանակի բնույթն է այդպիսին, հուսանք, որ կվերադառնանք մյուս ժամանակներին»։
Պատասխանելով ժամանակից գրականության՝ հանրության մեջ ունեցած դերի մասին հարցին, գրողն ասաց. - «Ավելի շատ կունենար, եթե այսքան քաղաքականացված չլինեինք, այսքան վհատ քաղաքականացված... Հիմա ժողովրդի վիճակն այնպիսին է, որ անընդհատ մտքիդ մեջ ուրիշ բաներ են։ Դա պիտի անցնի, մինչև այս խմորումները չանցնեն, մինչև չվերադառնանք մի ինչ-որ ստաբիլ վիճակի... Այդ ստաբիլ վիճակը չգիտեմ գրականության համար լավ է, թե վատ»։
Հարցին, թե արդյոք դժվար է գրող լինելը Հայաստանում, Գուրգեն Խանջյանն արձագանքեց. - «Հայաստանում շատ հեշտ է գրող լինելը, որովհետև հիմնական խնդիրը, ինչպես դրսում, չկա։ Ինչքան ուզում ես քեզ ճղի, բան արա, մաքսիմում մի փոքր տարբերությամբ ես վաճառելու, որովհետև ո'չ առնող կա առանձնապես, ո'չ էլ ինչ-որ մեծ տոկոսներ կան։ Այդ առումով դու ազատ ես, գրում ես գրելու համար։ Բայց արդեն կա տենդենց՝ գրել, ասենք, փողի համար, դուրս գնալու համար։ Մի քիչ խանգարում է, որովհետև դեռ գործ չարած, ամբողջ ուշք ու միտքդ գնում է էդ թարգամանել, «մեյդան ընկնել»։ Իսկ գրականությունը սիրում է, որ երկար իրենով զբաղվում ես՝ առանց շահախնդիր բաների մասին մտածելու։ Դրա համար 90-ականները, այդ ծանր տարիները գրելու համար շատ հրաշք տարիներ էին։ Դրա համար Լևոն Խեչոյանը կար, Սիփան Շիրազը կար... դու ազատ էին, դու չգիտեիր ինչ է կատարվելու այս աշխարհում։ Մութ, պատերազմ, չգիտես ելքը որն է։ Գիրք առնելու մասին ո՞վ էր մտածում, գիրք տպում էին արդեն երջանիկ էիր։ Գրականությունը իր ժամանակն ունի. լավ ժամանակ ունի, վատ ժամանակ ունի»։
Իսկ մեր ժամանակներն այդ առումով ինչպիսի՞ն են։ «Իսկական գրողի համար վատ չի։ Իհարկե, նման բան ասելը շատ ծանր է, բայց գրականությունը հենց այդ սահմանային իրավիճակներում է հայտնվում»։
Խանջյանն ասաց, որ այս պահին աշխատում է մի «շատ տարօրինակ գործի» վրա. - «Էսսե է, վիճակ է... չեմ հասկանում։ Բայց խմորումներ են, որ և' հիշողության հետ են, և' անցած ճանապարհի հետ, և' մտածումների հետ են առհասարակ մարդու մասին։ Վերնագիրն էլ՝ «Ի՞նչ կա-չկա»։ Աստծուց եմ հարցնում, ընկերոջից, բոլորից՝ ի՞նչ կա-չկա։ Հանճարեղ հարց է, կա-չկան են այնքան էլ իրար միացրել, որ դարձել է ընդհանուր մի բան, շատ մեծ, տիեզերական ընդգրկում»։