Գյումրեցի 50-ամյա տղամարդը, որին օրերս ծեծել են, խոշտանգել ու հրազենային վիրավորում հասցրել, հիվանդանոց դիմելիս թաքցրել է, թե իր վրա կրակել են, բժիշկները դա միայն վիրահատարանում են հայտնաբերել։
«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրայանն ասաց՝ այս պահին հիվանդի վիճակը միջին ծանրության է. - «Շտապ կարգով վերցվել է վիրահատության, վիրահատության ժամանակ պարզվել է, որ ունենք աղիների վնասում մի քանի տեղ, և վերջում հայտնաբերվել է նաև փամփուշտը։ Հիմա վիճակը միջին ծանրության է, բուժվում է, ստանում է էն բուժումը, ինչ որ անհրաժեշտ է հիվանդին»։
Խաչատրյանը հավելեց, որ հիվանդը թաքցրել է, որ նաև հրազենային վնասվածք ունի։
Տուժած 50-ամյա տղամարդու հետ հիվանդանոցում զրուցել չկարողացանք։ Ոստիկանները հսկում էին պալատը, իսկ նրան խնամող քույրն ասաց, թե եղբայրը ծանր վիճակում է, նաև պնդեց, թե դեպքից տեղյակ չէ։
Դեպքից մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն. Ըստ այդմ՝ տուժող ճանաչված 50-ամյա տղամարդը շինարարական աշխատանք է կատարել 35-ամյա քաղաքացու համար։ Գործատուն շինանյութ գողանալու հարցի շուրջ վիճաբանել է տղամարդու հետ, ծեծել նրան, ապտակել, թքել դեմքին։
«Շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»։
Մինչ հարազատները լռում են, մամուլը գրում է, որ այս դաժան միջադեպի մասնակիցները կապ ունեն իշխող կուսակցության հետ։ Քննչական կոմիտեն անուններ չի նշում, բայց մամուլում մի քանի անուն է շրջանառվում, մասնավորապես, որ 35-ամյա գործարարը Մարտին Թորոյանն է։ Միջադեպի մասնակիցների շարքում նշվում է Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Երվանդ Խանամիրյանի անունը։
Ըստ գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Մարտին Թորոյանը կուսակցական չէ, համակիր է. - «Իմ ունեցած տեղեկություններով, Մարտինը կուսակցության անդամ չէ, կուսակցության համախոհ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններին ակտիվ գործունեություն է ծավալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում»։
Ըստ Քննչական կոմիտեի, 50-ամյա տղամարդու վրա կրակած անձը փորձել է լքել Հայաստանը։ նրան հայտնաբերել են Զվարթնոց օդանավակայանում, մեղադրանք են առաջադրել սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, նա 10 միլիոն գրավի դիմաց տնային կալանքի տակ է։
Ինչ վերաբերում է ավագանու իշխանական անդամի մասնակցությանը, ապա գյումրեցի պատգամավորը ոչինչ չհստակեցրեց, հորդորեց սպասել իրավապահների բացահայտումներին։ Իրավապահներն էլ չեն բացահայտում, թե արդյոք ավագանու անդամը հետախուզվում է այս գործով։