Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Գրքի երևանյան 6-րդ միջազգային փառատոնը


Ընթերցասեր հանրության, գրքի և գրականության սիրահարների համար արդեն ավանդական դարձած ամենամյա Գրքի երևանյան փառատոնն այս տարի միջազգային է։

Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և կտևի մինչև մայիսի 27-ը։ Այս սպասված փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, գրողների, գրականագետների, հրատարակիչների և հրատարակչությունների և, իհարկե, մեծաքանակ ընթերցողների մասնակցությամբ։

«Ազատության» հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության Գրականության բաժնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Արմեն Սարգսյանը նշեց. - «Առաջին անգամ փառատոնը ունի միջազգային համարում։ Բացի այն հանգամանքը, որ փառատոնին գրողներ են հրավիրված վեցից ավելի երկրներից՝ Իտալիա, Հունաստան, Գերմանիա և այլն, այս տարի Գրքի երևանյան փառատոնը պայմանագիր է կնքել ՎԵՐՍՈՊՈԼԻՍԻ հետ, որը պոեզիայի ամենամեծ հարթակն է աշխարհում։ ՎԵՐՍՈՊՈԼԻՍԸ ֆինանսավորվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, և Գրքի երևանյան փառատոնը կունենա հնարավորություն Հայաստան հրավիրելու ՎԵՐՍՈՊՈԼԻՍԻ անդամ պոետների, ինչու չէ, նաև մեծ հնարավորություններ կբացվեն հետագայում Գրքի երևանյան փառատոնում «Պոեզիա» անվանակարգում հաղթած գրողների համար»

Գրքի երևանյան արդեն միջազգային փառատոնը, ինչպես ամեն տարի ընթերցասեր հանրությանը կներկայանա ոչ միայն գրքերի շնորհանդեսներով, գրական ստեղծագործությունների ընթերցանությամբ և այլ ուշագրավ միջոցառումներով, այլ նաև արդեն ավանդական դարձած գրքի տոնավաճառով, որին, Սարգսյանի փոխանցմամբ, այս տարի մասնակցում են ավելի քան 40 հրատարակչություններ և մշակութային հաստատություններ, որոնք ընթերցասեր հանրությանը կներկայանան իրենց գրական նոր տեսականիով. - «Նախատեսված է փառատոնի շրջանակում փոքր դահլիճներում մոտ քսանհինգ միջոցառում՝ բանախոսություններ են, քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, պանելային զրույցներ և այլն»։

Ինչ վերաբերում է միջազգային գրական համագործակցությանը, ապա, ըստ Արմեն Սարգսյանի, այն շատ արդյունավետ կարող լինել մեր գրողների համար. - «Հենց հիմա նման նախագծեր ենք քննարկում ՎԵՐՍՈՊՈԼԻՍ հարթակի հետ, որ մեր գրողները, մասնավորապես պոետները կարողանան գնալ, մասնակցել միջազգային այլ փառատոների, ծանոթանալ էդ երկրների գրականության հետ։ Որոշ գրողներ ներգրավված են նաև Գրքի երևանյան փառատոնի շրջանակում արտերկրի գրողների հետ նախատեսված հանդիպումներում։ Ինչպես նաև այլ միջավայրեր ենք ստեղծելու, հարթակներ, որոնց միջոցով հայ և արտասահմանյան գրողները կարող են միմյանց հետ շփվել։ Իրենք ներգրավված են ընդհանուր միջոցառումներում, և դա համագործակցության հրաշալի հնարավորություն է և' մեր գրողների, և' իրենց գրողների համար»։

Իսկ թե հատկապես արտասահմանյան որ գրողներին կարելի է հանդիպել գրական այս փառատոնի օրերին այս տարի, ապա Արմեն Սարգսյանի խոսքով. - «Օրինակ, մայիսի 25-ին խամը 18:00-ին կարող են գալ շատ հայտնի ռուս ժամանակակից գրող Տատյանա Տոլստայայի հետ հանդիպման, որը բոլորին հայտնի է նաև որպես հաղորդավար, հրապարակախոս։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի։ Մայիսի 26-ին երեկոյան ժամը 19:30-ին կարող են գալ Արմեն Զախարյանի հետ հանդիպմանը՝ պոստսովետական երկրներում շատ հայտնի և մի քանի հարյուր հազար հետևորդ ունի Յություբում։ Լեհաստանից է գալու, գրականագետ, որը ունի ուղղակի ֆանատներ։ Մեր հրավերը չմերժեց, կդասախոսի «Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեսքստում» թեմայով»։

Հարցին, թե արդյոք ավելանում է փառատոնի այցելուների, մասնակիցների թիվը, գրքերի վաճառքը, Սարգսյանը պատասխանեց. - «Եթե խոսեմ հաճախելիության մասին, պետք է ասեմ, որ նախորդ տարի մենք ունեցել ենք մոտ 15 հազար այցելու և վաճառել ենք մոտ 10 հազար գիրք։ Դա շատ նշանակալի ցուցանիշ է հայաստանյան իրականությունում։ Հույս ունեմ, որ այդ ցուցանիշը կպահպանվի և կշարունակվի։ Շարունակվելու և զարգանալու միտումները արդեն նկատվում են սոցիալական ցանցերում, որովհետև մեծ ակտիվություն կա»։

Գրքի երևանյան 6-րդ փառատոնի բաղկացուցիչ մասն է նաև գրական մրցույթը, որն ավանդաբար տեղի կունենա փառատոնի վերջին օրը, փակման արարողության ժամանակ։ Ինչպես շեշտում է Արմեն Սարգսյանը, այս տարի ևս բավական թվով հայտեր են ներկայացել մրցույթին մասնակցելու համար. - «Արձակ անվանակարգում ունեցել ենք 43 հայտ, պոեզիայում՝ 48 հայտ, մանկապատանեկան գրականությունում՝ 17 հայտ և դրամատուրգիայում՝ 10 հայտ։ Այդ օրը կիմանանք հաղթողների անունները, որոնք կստանան 600 հազար դրամ, որը կարող են ծախսել իրենց գրական կարիերան զարգացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG