Վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը, որ սկսել էր մայիսի 18-ից։ Նրա փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Գայանե Հակոբյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից։
«Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում», - նշել է նա իր ուղերձում՝ շեշտելով, որ այդ վճիռները հիմնված չեն իրավունքի վրա։
Դատարանը երեկ բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորեց որդեկորույս մորը մեկ ամսով։ Մեղքը չընդունող Գայանե Հակոբյանի փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբղոքարկեն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։