Մատչելիության հղումներ

Խնածախի երիտասարդ բնակչուհին փորձում է հաղթահարել հաշմանդամություն ունեցող անձանց համար անլուծելի թվացող խնդիրները


«Ես նախկինում երազում էի քայլել, իսկ հիմա դա երազանք չէ ինձ համար, ավելի շատ նպատակ է։ Իսկ հիմա երազում եմ ապրել խաղաղ երկրում և պարաշյուտ նստել», - ասում է 22-ամյա Սաթենիկ Աբրահամյանը։ Նա մանկական ուղեղային կաթված ունի։

Ծնողների հետ Սյունիքի Խնածախում է ապրում։ Հեռավոր գյուղում ապրելը հաշմանդամություն ունեցող մարդու համար հեշտ բան չէ։ Այստեղ անգամ տարրական պայմաններ չկան, ասում է Սաթենիկը, ամեն տեղ անլուծելի թվացող խնդիրներ են, որոնց գրեթե ամեն օր բախվում է հատուկ կարիքներով մարդը. - «Ինքը ամբողջ օրը տանը փակված կլինի, ես լինեմ, թե մեկ ուրիշը, իհարկե կախված է խնդրի բարդությունից։ Կարող է ինքը կարողանում է ինքնուրույն քայլել, կկարողանա, բայց կոնկրետ իմ նման մարդիկ հաստատ չեն կարող ու չեն ցանկանա ապրել»։

Իրար հաջորդող վեց ծանր վիրահատություններից հետո Սաթենիկը թեև դժվարությամբ, բայց քայլակի օգնությամբ արդեն քայլում է։ Միշտ չէ, որ բժիշկների կանխատեսումները հուսադրող են եղել, բայց քայլելու հույսը երբեք չի կորցրել։

«Ես, ճիշտն ասած՝ ավելի շատ չեմ նայում՝ բժիշկները ինձ ինչ են ասում։ Ճիշտ է՝ հետևում եմ իրենց խորհուրդներին, անում եմ այն, ինչ ասում են, բայց ես հավատում եմ իմ ուժերին, որովհետև եթե իրենց ասելուն նայեի, ինձ ասել էին, որ ես սայլակից չեմ վեր կենա, բայց ես այսօր կարողանում եմ քայլել քայլակով», - պատմում է նա։

Մայրը՝ տիկին Լիդան, պատմում է, որ մինչև աղջկա 8 տարեկան դառնալը արել է ամեն հնարավորը, որ երեխան բուժվի։ Երբ արդեն Սաթենիկը դպրոցական տարիքի հասավ, հասկացավ, որ ամեն օր քարուքանդ փողոցներով նրան դպրոց տանել չի կարողանա, գյուղի դպրոցում էլ հատուկ կարիքներով երեխան պատշաճ կրթություն չի ստանա։ Այդ ժամանակ իր կյանքի ամենածանր որոշումն է կայացրել, Սաթենիկին մանկատուն է տարել։

«Որոշեցի, որովհետև ինձ անընդհատ հարցնում էին՝ իրենից հրաժարվի, իրեն թող որդեգրեն, տանեն։ Ասացի՝ չէ, ես էդ բանով չեմ բերել էլի։ Ես բերել եմ, որպեսզի մեր գյուղը շատ կտրված տեղ ա, ու իմ տեղն էնպիսի տեղ ա, շատ հեռու ա դպրոցից, ես չեմ կարա տանեմ, բերեմ էդ պայմաններում։ Ես բերել եմ ստեղ, որպեսզի ինքը կրթություն ստանա, ու ես հետ վերցնեմ իրեն», - ասում է մայրը։

Մանկական ուղեղային կաթված ունեցող աղջիկը 11 տարի մանկատանն է ապրել, այդ տարիների մասին ժպիտով է պատմում։ Վստահ է, որ գյուղի՝ իր կարիքներին չհամապատասխանող պայմաններում կյանքն այլ կերպ կդասավորվեր։ Մանկատանը միջնակարգ կրթություն է ստացել, գորգագործություն սովորել, հիմա էլ ուզում է անգլերեն սովորել։

«Ժամանակի ընթացքում ինձ համար դարձավ ոչ թե մանկատուն, այլ կյանքի դպրոց, որտեղից ես շատ բան սովորեցի։ Ու հասկացա, որ Աստված ընտրել է իմ համար լավագույն տարբերակը, այսինքն՝ այն, ինչին ես հիմա հասել եմ, հասել եմ մանկատան կյանքի շնորհիվ», - նկատում է նա։

Տանը անվասայլակից չի օգտվում, նախընտրում է դանդաղ, բայց ոտքով տեղաշարժվել։ «Ինձ այլևս պետք չէ», հաստատակամ պնդում է Սաթենիկը։ «Պետք է», միանգամից հուշում է մայրը՝ հիշեցնելով անցած սեպտեմբերի սահմանային էսկալացիան, երբ մարտերի թեժ պահին պետք էր արագ մոտակա թաքստոց հասնել։

«Երբ որ պատերազմ էր սեպտեմբերին, ինձ համար շատ խուճապային էր, ոչ թե իմ մասին էի մտածում, այլ մտածում էի, որ եղբայրս էր ինձ օգնում մամայի ու պապայի հետ։ Մտածում էի՝ հանկարծ իրենց այդ ընթացքում ինչ-որ մի բան չլինի, որ հետո ես ինձ մեղավոր չզգամ», - հիշում է Սաթենիկ Աբրահամյանը։

Նա շաբաթը երեք անգամ Գորիս՝ վերականգնողական կենտրոն է գնում։ Ֆրանս-հայկական «Santé Arménie» կազմակերպության կենտրոնի կոորդինատոր Շուշան Միրումյանն ասում է, որ Սաթենիկի և հարևան գյուղերի մյուս բուժառուների ամենամեծ խնդիրը այնտեղ հասնելն է։ Խնածախից Գորիս գնացող երթուղայիններ չկան։ Աղջիկը գյուղից վերականգնողական կենտրոն միայն տաքսիով կարող է գնալ, ինչը ծախսատար է։ Ստիպված Գորիս գնացող մի քանի գյուղացիների հետ մեկ տաքսի են վարձում։ Տուն գնալիս էլ հաճախ ստիպված է լինում ժամերով սպասել, որպեսզի իր հետ քաղաք եկած բոլոր համագյուղացիներն ավարտեն իրենց գործերը։ Անձրևոտ օրերին էլ վարորդները դժկամությամբ են ցեխոտ փողոցներով իրենց տուն հասնում։

«Շատ հաճախ Սաթենիկը չի կարող լուծել տրանսպորտի խնդիրը։ Մենք անվճար բուժօգնություն ենք տրամադրում, բայց մենք չենք կարող տրանսպորտի հարց լուծել։ Սաթենիկը ամեն անգամ ինքն է լուծում իր տեղափոխման խնդիրը։ Սաթենիկի ամեն գալը մեր կենտրոն կախված է այդ օրվա տաքսիստի բարեհաճությունից», - ասում է կենտրոնի աշխատակիցը, շարունակելով՝ Գորիսում հանրային վայրերն ու պետական հաստատությունները հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։ Եղած թեքահարթակներն էլ ձևական են. հաշմանդամություն ունեցող մարդիկ դրանցից օգտվել չեն կարողանում։

«Ինչքա՞ն են հարմարեցված մեր փողոցները՝ դժվարանում եմ ասել կամ կարող եմ ասել՝ հարմարեցված չեն։ Բոլոր հաստատությունները… չկան հարմարություններ… ոչ միայն Սաթենիկի համար։ Փորձեք գտնել Գորիսում մի դեղատուն, որը ունի թեքահարթակ, բացի վերջերս կառուցված մի դեղատնից։ Մինչ այդ չի եղել…. Թեքահարթակը պահանջ չի եղել։ Այլ բառերով ասած՝ միգուցե մենք չե՞նք նկատել այս մարդկանց մեր կողքին», - հարցնում է Շուշան Միրումյանը։

Մանկատան շրջանավարտների համար նախատեսված ծրագրով Սաթենիկը Հրազդանում մեկ սենյականոց բնակարան է ստացել։ Իր առջև նպատակ է դրել՝ պետք է առանց քայլակի տեղաշարժվել կարողանա, լրիվ ինքնուրույն դառնա, ոչ մեկից կախում չունենա։ Նպատակին հասնելու համար նրան ևս 2 վիրահատություն է սպասում. - «Ես ունեմ այդ ցանկությունը, որ ես քայլեմ, ու մյուսները ինձ նայելով, ես օրինակ լինեմ իմ նման մարդկանց համար, որ իրենք ինձ տեսնելով հասկանան, որ անհնարին ոչինչ չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG