Ոսկու 138-րդ կտորը օրեր առաջ շողշողաց վերականգնող մասնագետ Տիգրան Զաքյանի լաբորատորիայում։ Նախորդ տարվա սեպտեմբերին հնագույն դամբարանից գտնված դիապատգարակի ցեխի մեջ էր՝ մաքրելիս հանկարծ փայլեց։
«Անմիջապես էդ ցեխի մեջ իր փայլով ասում է, որ ես այստեղ եմ», - ասաց Զաքյանը։
Փոքրիկ ուլունքը կմիանա հնագիտական այն բոլոր գանձերին, որ հայ-լեհական արշավախումբն է հայտնաբերել Մեծամորի հնավայրում ՝ 137 կտոր ոսկի միայն մեկ դամբարանում։
Գտածոները անմշակ կտորներ չեն, շքեղ զարդեր են, որ կրել են 3200 տարի առաջ, նշում է Զաքյանը. - «Երբ որ մտածում ենք երեք հազար տարի, երեք հազար երկու հարյուր տարի, շատ դեպքերում մտածում էին, դե ի՞նչ պետք ա լինի։ Բայց իրականում կատարելության հասնող մակարդակի է»։
Մեծամորի հայ-լեհական հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ գերմանական լաբորատորիայից ստացված պատասխանները վկայում են, որ ոսկյա իրերը նաև արծաթ են պարունակում։ Գուցե մեր նախնիներն ամուր ձուլվածք ստանալու համար են այդպես վարվել, կամ գուցե ոսկի-արծաթ ծիսական նշանակություն ուներ. - «Արև - լուսին, դեղին - սպիտակ, գիշեր - ցերեկ. էդ երկվության գաղափարը ուներ իր մեջ։ Գուցե նաև դա»։
Այս ամենը դեռ ուսումնասիրվում է և պահպանվում խիստ խնամքով։ Ոչ մի ուլունք չի կորել, ծիծաղում են լաբորատորիայում՝ հույս չունենաք։
Ունենք մասնագիտական խիղճ և անվտանգության լավ համակարգ, ասում են գանձերի այս պահի տիրակալները։ Անբասիր ծառայության համար ու Թանգարանների միջազգային օրվա առթիվ այսօր պահպանության ծառայության մի քանի աշխատակիցներ պատվոգրեր ստացան՝ ԿԳՄՍ նախարարությունից։
Մեծամորի արգելոց-թանգարանի վարիչ Անդրանիկ Ավետիսյանը հնագույն դամբարանի կողմն է ուղեկցում։ Ամբողջ ոսկեղենը՝ 110 գրամ, այս մեկից են պեղել. - «Այս փոքրիկ դամբարանից, 3-4 քառակուսի մետրից հայտնավերվել է ավելի քան137 կտոր ոսկյա իրեր, մեծ քանակության անագից, սաթից պատրաստված ուլունք-հատիկներ, ինչպես նաև քսանից ավելի ջնարակապատված խեցեղեն»։
Հարուստ հանգուցյալ է եղել՝ դատելով նրա հետ դեպի այն աշխարհ ճանապարհված գանձերից։ Մեկը չէ, այս դամբարանում երկուսն էին, բացատրում է պահպանության ծառայության հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը. - «Անհատները դիադրված էին կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա, մի անհատը աջ կողքի վրա կծկված վիճակում, մյուսը՝ ձախ կողքի։ Ու կարող ենք հստակ ասել դաշտում կատարած հետազոտությունների արդյունքում, որ գործ ունենք իգական ու արական սեռի անհատների հետ»։
Ովքե՞ր են, ինչի՞ց են մահացել այս հին ունևորները. մարդաբանական ուսումնասիրությունը նույնպես դեռ շարունակվում է։
Այս դամբարանը բարեբախտաբար գանձագողերի ձեռքը չէր ընկել, չէր թալանվել ու անխախտ էր մնացել։ Հիմա արշավախմբի գիտնականները մտածում են ոսկին վերջնական մաքրելուց, դասակարգելուց հետո մի մասը նաև վերականգնել, ստանալ ամբողջական զարդը։ Ունեն օրինակներ, թե մեր թվարկությունից առաջ 12-11-րդ դարերում ինչ ճաշակ ունեին մեր նախնիները՝ ամբողջական վզնոց նախկինում էին գտել.
«Երեք հազար երկու հարյուր տարի առաջ ընկել էր ինչ-որ մեկի վզից այրված սենյակում ու մնացել էր հատակին», - ենթադրում է Փիլիպոսյանը։
Վերջին գտածոների վերջին հասցեն Մեծամորի թանգարանն է լինելու. այստեղ ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկն է։ Սիրունները շատ են, բայց բացառիկը Հայաստանի հնագույն ոսկյա զարդն է՝ 5-6 տարեկան աղջնակի այս մազակալը շուրջ 5 հազար տարեկան է։
Մեծամորի հնավայրում գանձերը շատ են, գիտնականները դեռ շարունակելու են փորել դարերի հողը։ Օգոստոսին Մեծամոր կգան լեհ գիտնականները , նրանց հանգստի բազկաթոռը հնավայրի քաղաքային թաղամասում սպասում է։ Թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանն ասում է՝ արշավախումբը նախորդ տարի այստեղ հողի շերտից սյունազարդ սրահ բացեց՝ խարիսխները պարզ երևում են. - «Սա ուրարտական սյունազարդ սրահ է, որը վկայում է այն մասին, որ այստեղ ապրել են բարձրաստիճան մարդիկ։ Եթե բարձրաստիճան ուրարտացիներ են ապրել, ապա ուրեմն ինչ-որ սեպագիր արձանագրություն են թողել։ Հետագա պեղումների ընթացքում գուցե հայտնի դառնա հնավայրի իսկական անվանումը»։
Որևէ արձանագրություն, որ տեղեկություն կտա, թե ինչ քաղաք էր այստեղ։ Մեծամորը պայմանական անունն է։ Ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ անուն ուներ այս քաղաքը, որտեղ մեր նախնիները պատրաստում ու դիզում էին այս գանձերը։