1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ մայիսի 18-ն ամեն տարի նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որը հնարավորություն է տալիս անվճար այցելել աշխարհի ցանկացած թանգարան և մասնակցել թանգարանների նախաձեռնած ամենատարբեր միջոցառումներին։
Այս տարի Հայաստանում Թանգարանների միջազգային օրվա մեկնարկը տրվեց կեսօրին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, որտեղ հրավիրված ասուլիսին ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը շեշտեց. - «Այս տարի ծրագրին միացել են 116 թանգարաններ Հայաստանից և Արցախից բազմազան, շատ հետաքրքիր միջոցառումներով։ Այս տարվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը որ ամբողջովին համահունչ է լիազոր մարմնի, այսինքն՝ նախարարության մոտեցմանը տվյալ ոլորտին։ Եվ այդ շրջանակներում կուզենայի հնչեցնել մի քանի տվյալներ. 2022 թվականին մենք ունեցել ենք շուրջ մեկ միլիոն յոթանասունութ հազար այցելու, համալրվել է թանգարանային ֆոնդը 17 հազար առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագիր և 658 միջոցառում։ 2023 թվականին արդեն ունենք մոտավորապես 116 հազար այցելու և իրականացրել ենք 50-ից ավել ժամանակավոր ցուցահանդես»։
Փոխնախարարն ասաց, որ դեռ անցյալ տարվանից հիմնանորոգմնան աշխատանքեր են սկսվել Հայաստանի ազգային պատկերասրահում, Պատմության թանգարանում։ Այս տարի դրանք կիրականացվեն նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և այլ թանգարաններում։ Կիրականացվեն ոչ միայն հիմնանորոգումներ, այլև կբարելավի թանգարանների տեխնիկական հագեցվածությունը։
Եվ ևս մի կարևոր փաստ. - «Այս տարվա մայիսի 1-ից մենք նաև փոխել ենք սակագները, նաև մոտեցումները։ Հիմա մինչև 12 տարեկան բոլոր երեխաները կարող են անվճար այցելել թանգարաններ, տարբեր սոցիալական խմբերի համար մենք ունենք հատուկ գնացուցակ և մոտեցում»։
Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն էլ ընդգծեց, որ այս տարին հոբելյանական է թանգարանի համար. - «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը քաղաքի ակտիվ մշակութային օջախներից է։ Այս տարին մեզ համար հոբելյանական է, թանգարանի հիմնադրման 65-ամյակն ենք նշում և նախապատրաստվում են Վարպետի ծննդյան 150-ամյակի տոնակատարություններին։ Իսահակյանի տուն-թանգարանը ողջ տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, ծրագրեր, կրթական ծրագրեր, որին մասնակցել են ամենափոքրերից մինչև ամենամեծերը։ Վարպետի տուն-թանգարանը այսօր էլ մշակում է հետաքրքիր կրթական ծրագրեր»։
Թե' Վարպետի թանգարանը, թե' մայրաքաղաքային և մարզային բոլոր թանգարանները ոչ միայն այսօր անվճար էին բացել իրենց դռները այցելուների առջև ամենտարբեր ծրագրերով, այլև երկու օր անց ևս, երբ կիրականացվի «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիան, որի ընթացքում մինչև կեսգիշեր թանգարաները կրկին կներկայացեն ուշագրավ ծրագրեր և միջոցառումներ։
Գաղտնիք չէ, որ թանգարանները իրոք հրաշալի գործունեություն են ծավալուն իրենց նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝ ամեն տարի նորանոր միջոցառումներով և հետաքրքիր կրթամշակութային ծրագրերով ավելացնելով այցելուների մուտքը թանգարաններ։ Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այս ոլորտում ևս չեն կարող որոշակի խնդիրներ չլինել։
«Ազատության» հարցին, թե ինչ հիմնախնդիրներ կառանձնացնի, փոխնախարար Ալֆրեդ Քորչարյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել որն է ավելի կարևոր, որը՝ պակաս կարևոր, քանի որ ինձ համար, որպես ոլորտի պատասխանատուի, բոլորն էլ կարևոր են։ Բայց, բնականաբար, կուզենամ առանձնացնել կապիտալ խնդիրները։ Այսինքն՝ մենք ունենք թանգարաններ, որ շատ վաղուց չեն վերանորոգվել... տեխնիկական հագեցվածության մասին էլ, իհարկե։ Բնականաբար, նախապատվությունը պետք է տալ շենքի վիճակին։ Ունենք շատ խնդիրներ... աշխատավարձերի խնդիր ունենք, որ էսօր փորձում ենք լուծել։ Բազմաթիվ ունենք, բոլորին էլ անդրադառնում ենք, բոլորը հերթով կլուծենք»։