Բելառուսը պատրաստ է պայմաններ ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար: Այդ մասին մամուլին տեղեկացրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Մինսկի հարթակը բաց է բոլոր սուր հարցերը քննարկելու համար: Եվրոպայի մայրցամաքում ամենագլխավոր խնդիրն Ուկրաինայի տարածքում այս պատերազմի դադարեցումն է», - ասել է Վոլֆովիչը:
Նա լրագրողներին հիշեցրել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես է կոչ անում բանակցել:
«Նախագահն ասել է՝ Մինսկը բաց է, կգտնենք որոշման ուղիներ, փոխզիջումներ, դադարեցնենք այս արյունահեղությունը, որը ոչ մեկին պետք չէ: Կքննարկենք նաև այլ հարցեր: Գոնե դրանից է պետք սկսել», - հայտարարել է Վոլֆովիչը:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վոլֆովիչը նախկինում զբաղեցրել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: