Ռեյկյավիկում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
«Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները», -ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը: