Կրճատվել է Միացյալ Նահանգների նախագահի Ասիա այցի ծրագիրը. Ջո Բայդենը Վաշինգտոն կվերադառնա ավելի շուտ, քան նախատեսված էր՝ շարունակելու բանակցությունները հանրապետական առաջնորդների հետ և կանխելու ԱՄՆ պարտքի պոտենցիալ աղետալի դեֆոլտը, հայտարարել է Սպիտակ տունը:
Այսօր Բայդենը կմեկնի Ճապոնիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, սակայն այնտեղից չի թռչի Պապուա Նոր Գվինեա և Ավստրալիա։ Այս ուղևորությունները չեղյալ են հայտարարվել նախագահի՝ որքան հնարավոր է շուտ Վաշինգտոն վերադառնալու անհրաժեշտության պատճառով։
«Նախագահ Բայդենը կիրակի օրը՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո կվերադառնա Միացյալ Նահանգներ, որպեսզի շարունակի բանակցությունները Կոնգրեսի առաջնորդների հետ և երաշխավորի, որ Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի մինչև վերջնաժամկետը՝ կանխելու դեֆոլտը», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում: - «Նախագահը և նրա թիմը կշարունակեն աշխատել Կոնգրեսի ղեկավարության հետ՝ կնքելու բյուջետային համաձայնագիրը»:
Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո Բայդենը պետք է մասնակցեր Սիդնեյում կայանալիք ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա և Հնդկաստան քառակողմ երկխոսության առաջնորդների անվտանգության հարցերով հանդիպմանը։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը զանգահարել է Ավստրալիայի վարչապետին՝ տեղեկացնելով այցի չեղարկման մասին և նրան հրավիրել պետական այցով Վաշինգտոն: Այցի ժամկետը դեռ չի նշվում։