Ուսումնական նոր տարվանից տարրական դասարանների աշակերտները 1-10 թվային միավորների փոխարեն կստանան բնութագրային գնահատականներ, որոնցում ուսուցիչը կբնութագրի, օրինակ, երեխայի առաջադիմությունն ու աշխատասիրությունը։
Գնահատման նոր տարբերակը նախորդ երկու տարիներին փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում։ Այս մեթոդը կիրառած ուսուցչուհի Վարդուհի Բադալյանի կարծիքով՝ փոփոխությանը դժվար են ընտելացել թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցականներն ու նրանց ծնողները։
«Ծնողները մեզ սկզբից ասում էին՝ «թեկուզ դուք դա մատյանում մի անցկացրեք, բայց տետրում նշանակեք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց ուսուցչուհին:
Փոփոխության պատճառն այն է, որ թվանշանային գնահատումն ամբողջությամբ չի արտահայտում աշակերտի կարողությունները, և գիտելիքների զարգացման փոխարեն կենտրոնանում են թվանշանների վրա, ասում է փոփոխության նախաձեռնողներից Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշ Թորոսյանը։
«Եվ միշտ առաջանում է էդպիսի կոնֆլիկտ, երբ ծնողը հարցնում է, որ «իմ երեխան ստացել է 6 միավոր, իսկ իր կողքը նստած ընկերը համարյա նույն բանը պատասխանել է ու ստացել է 7 միավոր, խնդրում եմ բացատրեք՝ ո՞րն է տարբերությունը», և դեպքերի մեծամասնությունում մեր գործընկերները չեն կարողանում դա բացատրեն», - նշեց Թորոսյանը:
Թվանշանայինից բնութագրային գնահատման անցումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար։ Այս տարվա սեպտեմբերից գնահատման նոր համակարգին կանցնեն երկրորդ և հինգերորդ, հաջորդ տարի՝ երրորդ և չորրորդ դասարաններում։ Վեցերորդ և բարձր դասարաններում կշարունակի գործել գնահատման թվանշային տարբերակը։
Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչի կարծիքով՝ բնութագրային գնահատականները հնարավորություն կտան ավելի հստակ ներկայացնել աշակերտի ձեռքբերումները։ Ըստ Վարդուհի Բադալյանի՝ գնահատման նոր տարբերակն առավել արդյունավետ կլինի ցածր դասարաններում, որտեղ աշակերտները դեռ գնահատականների վերաբերյալ հստակ պատկերացում չունեն և չեն համեմատվում իրենց դասընկերների հետ՝ «ավելի շատ ծնողներն են այդ գործընթացը կատարում»:
Թեև, ըստ Բադալյանի, գնահատման նոր ձևն ուսուցչից ավելի շատ ջանք ու ժամանակ է պահանջում, բայց հնարավորություն է տալիս աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերել։ Արտաշ Թորոսյանի կարծիքով՝ ժամանակատարության խնդիր չի առաջանա, քանի որ կրթական գերատեսչության հետ պատրաստած օնլայն հարթակում ուսուցիչները կկարողանան ընտրել բնութագրերի արդեն պատրաստի տարբերակներից՝ համապատասխան յուրաքանչյուր աշակերտի գիտելիքներին։
«Այս ընտրված ցուցակը արտահայտվում է երեխաների օրագրերում էլեկտրոնային, և ծնողները իրական ժամանակում միշտ տեսնում են, թե ինչպես են ավելանում կարողությունները իրենց երեխաների մոտ։ Այնպես որ, այս գնահատումը շատ ավելի տեսանելի, երեխայի հաջողությունները բնութագրող, գնահատում եմ՝ դա հնարավորություն կտա ծնողներին լավ հասկանալ երեխայի հաջողությունը, իսկ ուսուցիչներին՝ լավ պատկերացնել իրենց առաջիկա անելիքները», - ասաց Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ գնահատականը կրթության մեջ ունի որոշիչ և էական դեր։ Փորձագետն ընդգծում է՝ պետք է ոչ թե թվանշանը հանել, այլ փոխել ծնողների վերաբերմունքը, քանի որ գնահատականը կարող է ազդել կրթության հանդեպ երեխայի մոտիվացիայի վրա:
«Հիմա երբ որ մենք հանում ենք թվանշանը, այստեղ մենք շատ պետք է ուժեղացնենք մեր կրթության բովանդակությունը», - ասաց Խաչատրյանը:
Փորձագետի հետ համաձայն չեն փոփոխության նախաձեռնողները. Արտաշ Թորոսյանի գնահատմամբ՝ թվանշանի բացակայությունը երեխաների մոտիվացիայի նվազման հետ կապ չունի, քանի որ աշակերտները դրան ավելի քիչ են ուշադրություն դարձնում։
«Օրինակ՝ Տավուշում որ փորձարկեցինք, երեխաների հետ խոսում էինք, իրենք միշտ էդ հարցն էին բարձրացնում, որ «մենք հիմա հասկանում ենք, թե ինչ ենք սովորել այս աշխատանքի ընթացքում», - նշեց Թորոսյանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է՝ չնայած առաջին դասարանում թվային գնահատական վաղուց չի դրվում, միևնույն է՝ շատ դասվարներ շարունակում են այն կիրառել:
«Ինչ-որ մեկը հետաքրքրվե՞լ է՝ ինչո՞ւ: Իհարկե, շատերը կասեն՝ դե որովհետև մեր ուսուցիչները հետ են մնացել կյանքից, հին բաներ են, չեն ուզում փոխվել: Չէ, միշտ ինչ-որ չափելու խնդիր կա», - ընդգծեց Խաչատրյանը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, ում երեխաները սովորում են հանրակրթական դպրոցի չորրորդ և հինգերորդ դասարաններում, դրական է գնահատում նախարարության նախաձեռնությունը։ Նրա կարծիքով՝ բնութագրային գնահատման շնորհիվ աշակերտներն ավելի անհատական մոտեցում կստանան, ինչպես նաև ավելի լավ կերևա աշակերտի առաջադիմությունը։
«Ենթադրենք՝ դասապրոցեսի ընթացքում որոշակի, էսպես, փոքրիկ չարաճճիություններ են անում, և դա կարող է նույնպես գնահատականի վրա անդրադառնալ ու արդյունքում կարող է անդրադառնալ նաև երեխաների կիսամյակային և տարեկան գնահատականների վրա», - ասաց Տեր-Մաթևոսյանը:
Գնահատման նոր տարբերակն ուսուցիչներին ներկայացնելու համար արդեն իրականացվում են հեռավար դասընթացներ, որոնք ներառում են նաև համակարգչի կիրառման հմտությունների ուսուցում։ Սերոբ Խաչատրյանը, սակայն, թերահավատորեն է վերաբերվում այս ծրագրի հաջողությանը։ Պատճառներից մեկն այն է, որ շատ ուսուցիչներ չունեն համակարգիչ, իսկ ունենալու դեպքում էլ դժվարանում են օգտագործել։