Մատչելիության հղումներ

Արվեստի ուղղությունը դիմորդների համար մեծ պահանջարկ չունի


Մի քանի օրից մոտ 20 հազար երեխա կավարտի ավագ, իսկ ավելի քան 30 հազարը՝ հիմնական դպրոցն ու կգնա մասնագիտությունների հետևից։

Վերջին տարիներին նախընտրելի մասնագիտությունները բարձր տեխնոլոգիաներն ու բարձր աշխատավարձ ենթադրող մի քանի այլ ուղղություններ են։ Մյուս ոլորտներում շարունակում են ավելանալ թափուր տեղերը, կամ բուհերն ու մասնագիտական քոլեջները նվազեցնում են դրանց հատկացվող տեղերը։

Գեղանկարիչ, արվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի 25 տարվա տնօրեն Ղազար Ղազարյանն ասում է՝ ամեն տարի իրենց ունեցած ընդամենը 14 տեղից առնվազն 4-ը թափուր է մնում։ Ընդունվողները հիմնականում գորգագործությունն ու ասեղնագործությունն են ընտրում։

«Իհարկե, ցավոք սրտի, դիմորդների քանակը ավելի քչացել է, որովհետև իրենք մտածում են այնպիսի բան սովորեն, որ արագ հնարավորություն ստանան հետադարձ աշխատավարձ ստանան: Դե, ազատ նկարիչը մի քիչ դժվար է ստանում իր նկարի արդյունքը: Մենակ Վերնիսաժով հո տուն չե՞ս պահի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Նույն քաղաքում գործող Դիլիջանի կենտրոնական դպրոցը եզակիներից է, որտեղ արվեստ են դասավանդում բոլոր 9 դասարաններում։ Աշակերտները կարող են ընտրել որևէ ուղղություն՝ սկսած երգարվեստից մինչև ֆիլմարվեստ ու զարդագործություն։ Այստեղ երեխաները սովորում են իրենց ձեռքով մշակել մետաղը, կավը կամ փայտը, փորագրել ու արվեստի գործեր ստեղծել։

Իններորդցի Մերի Սաղաթելյանն ասում է՝ ընդամենը մի քանի ամսում սովորել են հայկական նախշերով զարդեր պատրաստել։ Որպես առաջին մասնագիտություն չի դիտարկում, բայց նշում է՝ հաստատ կյանքում պետք կգա։

Ուսուցչուհի Հասմիկ Սողոմոնյանն ասում է՝ դասավանդելիս արվեստը համադրում են մյուս առարկաների հետ։ Երեխաները լավ գիտեն՝ ասենք, ինչպես կարող է սովորական տերևը պղնձապատվել, ծծմբական թթվի մեջ՝ հետաքրքիր տեսք ընդունել ու գեղեցիկ զարդ դառնալ։ Գիտեն՝ ինչպես մետաղը քայքայել ու դրա վրա տարբեր գունային շերտեր ստանալ, ինչը խորացնում է իրենց գիտելիքները քիմիայի մասին։ Զարդագործություն ոչ միայն գրքերով են սովորում, այլև պատրաստում են իրենց ձեռքով, ծանոթանում հայկական զարդարվեստին։

«Այո, սա եկավ ցույց տալու, որ երբ որ դու բողոքում ես, որ այս սերունդը ոչնչով հետաքրքրված չէ, և նրանք հաճախ համացանցում են կամ իրենց հեռախոսների մեջ, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում փոխարենը իրենց: Այս նախագիծը հենց նման մի օրինակ է, երբ որ մենք իրենց տալիս ենք հետաքրքիր զբաղմունք և ցույց ենք տալիս մեր օրինակով, մոտիվացնում ենք, իրենք քո հետևից գալիս են և շատ ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան դու ինքդ», - ընդգծեց Սողոմոնյանը:

Ութերորդցի Նարե Թովմասյանն ասում է՝ որոշել է՝ արվեստագետ է դառնալու, թեև ընտանիքում համաձայն են, բայց երբեմն փորձում են ուղղորդել ավելի եկամտաբեր մասնագիտություն ընտրել։

«Կյանքում կարևորը գումարը չի, կարևորը սիրելն է: Ծնողներս ինձ ասում էին, որ ծրագրավորումն իրականում ավելի լավ մասնագիտություն է, բայց հիմնականում համաձայն են այն մտքի հետ, որ արվեստագետ եմ դառնալու, արվեստի հետ գործ եմ ունենալու», - ասաց Նարեն:

Մանե Մանթաշյանն էլ քիմիայի ուղղությունն է ընտրել։ «Միգուցե ուսուցչուհի դառնամ», - ասում է, չնայած վստահ է, թե շատերը ոչ-մոդայիկ են համարում ոլորտը։

«Եթե իմ ծնողները իսկապես զգան, որ ես չեմ ցանկանում, օրինակ, ծրագրավորող դառնալ, իրենք ինձ երբեք չեն ստիպի, որովհետև իրենք գիտեն, որ ինչը ես չեմ անում սիրով, գուցեև դրանում որոշ չափով թերանամ», - նշեց Մանեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG