Մատչելիության հղումներ

Լքված նորածնի կյանքին այլևս վտանգ չի սպառնում


Արցախի փողոցի 8/4 շենքի բնակչուհին ավտոտնակների կողմից երեխայի լացի ձայն է լսել, գնացել է այդ ուղղությամբ, տեսել է նորածին փոքրիկի, տուն է բերել ու զանգահարել շտապօգնություն։

«Ընդունման պահին եղել է նորածնի մոտ խորը հիպոթերմիա՝ 31 աստիճան, և շնչառական ծանր ախտանիշներ», - ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Անուշ Էտիբարյանը։

Նորածինն այժմ նորածնային վերակենդանացման բաժանմունքում է՝ «անհայտ ընկեցիկ» գրառմամբ։ 2500 գրամանոց աղջիկ է։ Ըստ մասնագետների, երեկ էլ ծնվել է. - «Ելնելով պորտալարի մնացորդից և մաշկի քսուքի տեսքից՝ հավանաբար երեխան մեզ մոտ ընդունվել ա արդեն մի քանի ժամական վիճակում»։

Անուշ Էտիբարյանն ասում է՝ երեկ փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է մայրը ծննդաբերել, երեխան դրսում է մնացել, անխնամ ու սառել է։ Եթե մի քիչ էլ այդպես մնար, չէր ապրի։ Այսօր արդեն վիճակը կայուն է, այս պահի դրությամբ, կյանքին վտանգ չի սպառնում. - «Էս պահին ինքը գտնվում ա հետազոտությունների փուլում, հետո կտեսնենք»։

Երեխան թթվածին է շնչում, սնվում է արհեստական կաթնախառնուրդով, Մի քիչ լավանա՝ անհայտ ընկեցիկը անուն էլ կունենա. - «Անվանը տենց շատ չենք անդրադարձել, առայժմ զբաղվում ենք բուժական և հետազոտման հարցերով»։

Ո՞վ է աղջնակի մայրիկը, որ ծննդաբերել, երեխային թողել է ոչ մարդաշատ վայրում՝ ապրելու աննշան հեռանկարով։ Փոքրիկին գտած կինը մեր նկարահանման պահին տանը չէր, աշխատանքի էր։

Քննչական կոմիտեն քննություն է իրականացնում ծննդկանին հայտնաբերելու, փոքրիկ ծննդյան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին վտանգի մեջ թողնելու հատկանիշներով, և Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով, որն է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը», - փոխանցեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ առայժմ կասկածյալ չկա, գրություններ են ուղարկել նաև հղիության հսկմամբ զբաղվող բուժհաստատություններ։

Արցախի փողոցի 8/4 շենքի բնակիչները տարակուսած են՝ ինչո՞ւ են այսքան շատ նորածիններ հայտնվում հենց իրենց շենքում կամ շենքի տարածքում։
Երկու տարի առաջ մի նորածին աղջնակի բերել էին նույն շենքում ապրող Անահիտ Ավետիսյանի բնակարանի մուտքի մոտ ու հեռացել։ Տիկին Անահիտի շունն էր այդ ժամանակ անհանգստացել ու տիրուհուն ստիպել դուռը բացել։ Նորածինը Անահիտ անունով էլ հետո որդեգրվեց ու այժմ ընտանիք ունի։

Տիկին Անահիտը ենթադրում է՝ ավտոտնակների հատվածում անօթևաններ կան, գուցե նորածինների հոսքը իրենց շենք այդտեղից է. - «Կարող ա էնտեղ բոմժեր երևի, գարաժները էնտեղ ինչ-որ ապրող կա։ Էրեկ միլիցիաներ էլ էին, լիքը լցված էին»։

Ո՞վ էր ի վերջո տիկին Անահիտի գտած փոքրիկ Անահիտի մայրիկը։ Երկու տարի առաջ դարձյալ քրեական գործ հարուցվեց։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ ծննդկանի ինքնությունը չպարզվեց, գործը կարճվել է։ Բայց հիմա պիտի պարզեն՝ այս երկու դեպքերը միմյանց հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։

«Նոր դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննության հիմնական ուղղություններից մեկը այս երկու դեպքերի միջև հնարավոր կապի առկայությունը, առնչությունները պարզելն է լինելու», - ասաց Գոռ Աբրահամյանը։

Իսկ անուն չունեցող աղջնակը կմնա հիվանդանոցում։ Եթե նրա մայրիկը միտքը չփոխի ու այդպես էլ չհայտվի, փոքրիկը մի քանի ամսից որդեգրման ենթակա երեխաների բազայում կհայտնվի։ Նրան այդտեղ սպասում է Հայաստանի 142 անհամբեր քաղաքացի, որ որդեգրողի դրական եզրակացությամբ երազում են ծնող դառնալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG