Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
Ավելի վաղ էլ հայկական ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ 16:50-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել նույն ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն, ըստ հաղորդագրության, ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Իրադրությունը երեկվանից լարված է նաև Սոթքի հատվածում․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: