Մատչելիության հղումներ

Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ անցած շաբաթ Արլինգթոնում տեղի ունեցած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է», - ասել է նա։

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ից, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել տևական և կայուն խաղաղության», - վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ առկա տվյալների, նշել է Պատելը, կողմերը շարունակում են փոխգործակցությունը. - «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»։

Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, ըստ Վաշինգտոնի, առանցքային է Բաքվի և Երևանի միջև «խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»։

XS
SM
MD
LG