Գրեթե երկու շաբաթ է անցել Քննչական կոմիտեի Արարատի մարզի վարչությունում մեղադրյալի ենթադրյալ ինքնասպանության դեպքից։ Մինչ իրավապահները դեռ նախաքննություն են անցկացնում ու հրաժարվում նոր մանրամասներ հաղորդել, Միսակ Պողոսյանի հարազատները հայտարարում են, թե չեն հավատում ինքնասպանության վարկածին։
Քրեական վարույթը հարուցվել է անզգուշությամբ մարդու մահ առաջացրած պաշտոնական անփութության և ձերբակալվածի փախուստի հոդվածներով։ Կասկածյալների կամ մեղադրյալների մասին չի հաղորդվում։
«Ինքը ինքնասպան չէր լինի, ժամը 3-4-ի կողմերը 72 ժամը լրանում էր, պետք ա դուրս գար», - ասաց մահացածի եղբորորդին՝ Կարեն Պողոսյանը:
Պողոսյանն ասում է՝ չեն հասկանում, թե ինչո՞ւ պիտի Միսակ Պողոսյանը փախուստի դիմեր կամ Քննչականի երրորդ հարկից նետվեր, եթե ձերբակալության ժամկետը լրացել էր ու շուտով ազատ էր արձակվելու։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ նախկինում թմրամիջոցների շրջանառության համար մեղադրված ու ստորագրությամբ ազատ արձակված Պողոսյանի մոտ ապրիլի 25-ին նոր զանգված են հայտնաբերել, ուստի ոստիկանները նրան ուղեկցել են Քննչական վարչություն, որպեսզի մեղադրանքը լրացվի:
«Վարչության երրորդ հարկում, միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է»։ - հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հելսինկյան քաղաքացիական ասոցացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ տղամարդուն ուղեկցած ոստիկանները անմիջական պատասխանատվություն էին կրում նրա համար։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ հատկապես եթե Պողոսյանը փախուստի հակում ուներ, ապա պետք է առավել ուշադիր լինեին նրա նկատմամբ:
«Նախորդ հանդիպումների փաստը հաշվի առնելով, արդեն վաղուց փախած կլիներ», - նշեց Սաքունցը:
Կարեն Պողոսյանը, սակայն, նաև փախուստի վարկածն է անհիմն համարում նաև այն պատճառով, որ այդ պատշգամբի լուսամուտները ունեցել են որոշակի բարձրություն և իր 62-ամյա հորեղբայրը հավելյալ ջանք պիտի գործադրեր լուսամուտագոգին կանգնելու համար:
Ըստ եղբորորդու՝ Պողոսյանին ուղեկցած ոստիկանները պատճառաբանել են, թե չեն հասցրել բռնել նրան։ Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ այժմ իրավապահները քննում են ոստիկանների գործողությունները, այլ մանրամասներ չհաղորդեց։
«Սա վերաբերում է հենց կոնկրետ պաշտոնատար անձանց, տվյալ դեպքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողություններին», - նշեց Գոռ Աբրահամյանը:
Կարեն Պողոսյանը պնդում է, որ դեպքից ժամեր անց տարածքը լվացվել-մաքրվել է, և չի առանձնացվել ժապավենով։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սա օրենքի խախտում է համարում։
«Քրեական դատավարության օրենսգրքով և ընդհանրապես քրեական գործով բոլոր պահանջները խախտվել են», - ընդգծեց իրավապաշտպանը:
Արդյոք Միսակ Պողոսյանի նկատմամբ բռնություն եղե՞լ է, թե՝ ոչ, պարզ չէ, Քննչական կոմիտեն չի պատասխանում այս հարցին։ Արթուր Սաքունցը նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերն են հիշեցնում՝ ընդգծելով, ոստիկանության բաժնում մահացած քաղաքացիների գործերը շատ հաճախ կարճվում են՝ հարազատներին թողնելով անորոշության մեջ ու արդարադատության սպասումով։
«Նման դեպքերում, ցավոք սրտի, որպես օրինաչափություն կարող ենք արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները մնում են անպատիժ և քննությունը որպես կանոն ավարտվում է կամ կասեցվում», - նշեց Սաքունցը:
Մահացած Միսակ Պողոսյանի իրավահաջորդի փաստաբանը չցանկացավ մեկնաբանել գործը, միայն ասաց, թե ամեն ինչ անելու է ճշմարտությունը պարզելու ու արդար դատաքննության համար։