Հայաստանը ապրիլի 26-ին ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության մասին բանաձևին, որով պայմանավորվում են ամրապնդել համագործակցությունը՝ խթանելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, խոսքի ու մտքի ազատությունը, պայքարելու ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ և այլն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 122 պետության ներկայացուցիչ, 18՝ ձեռնպահ, 5՝ դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Բելառուսը։
Տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը. Սարգիս Խանդանյան
«Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մի շարք ինստիտուտներ, որոնք Եվրոպայի խորհրդի կազմում գործում են, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, և այդ բանաձևը ևս այդպիսի նպատակներ է հետապնդում և այդպիսի շեշտադրումներ ունի, ուստի տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը», - ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հայկական և ռուսական մամուլում, նաև սոցիալական ցանցերում քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, թե Հայաստանը միացել է մի բանաձևի, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, իսկ բուն բանաձևը կոչ է անում փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։
Անցյալ շաբաթ ընդունված այս փաստաթղթում ՄԱԿ-ի ու ԵԽ-ի համագործակցության շրջանակում իսկապես կոչ կա «փոխհատուցում տրամադրել ուկրաինական պատերազմի զոհերին և արդարության առջև կանգնեցնել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը»։
Արդյոք այսպիսով Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը և այլևս ձեռնպահ չի քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչող բանաձևերին, «Ազատությունը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, որը խորհուրդ տվեց մանրամասները ճշտել Արտգործնախարարությունից։
«Ըստ էության, Հայաստանը միացել է ամբողջ բանաձևին, և բանաձևը պետք է ամբողջության մեջ դիտարկել և ոչ թե կենտրոնանալ մեկ պարբերության վրա, որը տարբերվող շեշտադրումներ է պարունակում», - հավելեց պատգամավորը։
Արտգործնախարարությունից հաղորդում են՝ «Հայաստանը չի աջակցել բանաձևի խնդրահարույց պարբերությանը, սակայն կողմ է քվեարկել բուն բանաձևին»: Այս մասին կարելի է տեղեկանալ նաև ՄԱԿ-ի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունից, որտեղ նշված է՝ փոխզիջումների են եկել բազմաթիվ հարցերի շուրջ, սակայն կոնսենսուս ձեռք չի բերվել 9-րդ պարբերության վերաբերյալ։ Սա հենց այն պարբերությունն է, որտեղ խոսվում է ռուսական ագրեսիայի մասին։ Ապա որոշվել է այս պարբերության վերաբերյալ առանձին քվեարկություն անցկացնել, որտեղ արդեն Հայաստանը ձեռնպահ է մնացել։
Այսպիսով Հայաստանի ապրիլի 26-ի քվեարկության մեջ, ըստ էության, դիրքորոշման փոփոխություն չի եղել, և Երևանը կրկին խուսափել է Մոսկվային ագրեսոր անվանող պարբերությանը կողմ քվեարկելուց։ Ռուսական մամուլում հայտնված հոդվածների ֆոնին՝ այս թեմայով պարզաբանմամբ է հանդես եկել անգամ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ նշելով, որ «խոսքը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մի սովորական բանաձևի մասին է, և Ռուսաստանի գործընկերներից շատերն առանձին քվեարկությամբ չեն աջակցել խնդրահարույց պարբերությանը»։
9-րդ պարբերության առանձին քվեարկությունում դրան կողմ է եղել 81 երկիր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 48, այդ թվում՝ Հայաստանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը պահպանել է չեզոքություն։