Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է կառավարությանն ու Վայոց Ձորի մարզպետարանին հղիության 6-րդ ամսում աշխատանքից ազատված փոխմարզպետին վերականգնել իր աշխատանքում։ Մարզպետարանն ու կառավարությունը բողոքարկել են այս որոշումը։
2018-ի հեղափոխությունից հետո Վայոց Ձորի փոխմարզպետ նշանակված Նանե Ասատրյանն «Ազատությանն» ասում է՝ աշխատել է երեք մարզպետների հետ, որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել։ 2021-ի հունիսին, սակայն, մարզպետ Արարատ Գրիգորյանը տեղեկացրել է՝ քաղաքական թիմի որոշմամբ ինքն աշխատանքից ազատված է։
«Ուղիղ 20 օրից գնալու էի ֆիզարձակուրդ, մարզպետ Արարատ Գրիգորյանը կանչեց իր մոտ, տեղեկացրեց, որ այն ժամանակ տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը պահանջել է միջնորդագիր ինձ աշխատանքից ազատելու համար՝ հիմնավորելով, որ քաղաքական թիմն այդպես է որոշել։ Ճիշտն ասած՝ փորձեցի այդ օրը կապ հաստատել պարոն Պապիկյանի հետ, բայց չստացվեց։ Ուզում էի տեղեկացնել, որ ընդամենը 20 օրից գնալու եմ ֆիզարձակուրդ։ Եթե որևէ խնդիր ունեն ինձ հետ աշխատանքային գործունեությունը շարունակելու, պարզապես թույլ տան ֆիզարձակուրդ գնալ, որովհետև ինչքան էլ հայեցողական պաշտոն եմ զբաղեցնում, միևնույն է՝ հղի կնոջ և հատկապես իմ այն ժամանակ չծնված երեխայի իրավունքները ցանկանում էի պաշտպանել», - պատմեց նա։
Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է կառավարությանն ու մարզպետարանին ոչ միայն վերականգնել Նանե Ասատրյանի աշխատանքը, այլև երկու անչափահաս երեխաների մորը վճարել չաշխատած ժամանակահատվածի աշխատավարձը։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, պնդելով՝ վստահ չէ, որ հեռախոսով իրեն հարցեր ուղղողը լրագրող է, բայց ընդգծեց՝ իրենք ոչ մեկի իրավունքը չեն ոտնահարել։
Նանե Ասատրյանի փաստաբան Տիրուհի Վարդանյանի խոսքով՝ դատարանը որոշել է, որ հղի կնոջն աշխատանքից ազատելու հիմքեր չեն եղել։ Վարչական դատարանը բավարար չի համարել մարզպետարանի հղումը «Հանրային ծառայության մասին» օրենքին, ըստ որի՝ քաղաքացին հանրային պաշտոնում նշանակվում կամ ազատվում է մարզպետի առաջարկությամբ ու վարչապետի որոշմամբ։
«Պետք է սահմանվի հիմքը, թե ինչով է պայմանավորված անձին աշխատանքից ազատելը։ Դա նաև սահմանված է միջազգային օրենսդրությամբ, միջազգային մակարդակով սահմանված է, որ պետք է աշխատանքից ազատելու դեպքում պատճառը հիմնավորված լինի», - նկատեց նա։
Այն պահից, երբ աշխատողն իր հղիությունը հաստատող բժշկական փաստաթուղթ է ներկայացնում գործատուին, արգելվում է նրան աշխատանքից ազատել հղիության ընթացքում։ Օրենքը թույլ է տալիս հղի աշխատողին մնալ արձակուրդում, և վերադառնալուց հետո ևս մեկ ամիս դեռ օրենքով պաշտպանված է։ Բայց հայեցողական և վարչական պաշտոն զբաղեցնողներն այս առումով խոցելի են, օրենքի այս կետը նրանց վրա չի տարածվում։
«Օրենքով հաշվի չի առնվում, որ կարող է քաղաքական պաշտոն զբաղեցնողը լինել հղի կին, և փաստորեն Աշխատանքային օրենսգրքով չի կանոնակարգվում աշխատանքային փոխհարաբերություններն այս դեպքում, և վարչապետի մեկ հրամանով հղի կինը կարող է ազատվել աշխատանքից՝ զրկվելով նորածնի համար հղի կնոջ համար նախատեսված բոլոր փոխհատուցումներից, նպաստներից և ֆինանսական բոլոր այն հնարավորություններից, որ նախատեսված են», - նշեց կինը։
Նանե Ասատրյանն ասում է՝ ինքը բազմիցս իր վերադասին գրավոր տեղեկացրել է, որ հղի է, բացի այդ, նշեց՝ անզեն աչքով էլ նկատելի էր, որ հղի է, այն էլ 6-րդ ամսում. - «Անգամ քանի որ կուսակցական որևէ և կարիերայի առումով էլ որևէ պահանջներ չունեի կամ նախասիրություններ, ես երբ ընտրություններ էին լինում, պետական աշխատանքին էի մնում, և մարզպետները զբաղվում էին քաղաքական գործունեությամբ արդեն իրենց արձակուրդի հաշվին, այսինքն՝ ամեն կերպ աջակցել եմ, որ և՛ օրենք չխախտվի, և՛ պետականամետ գործունեություն ծավալվի, և՛ հօգուտ վայոցձորցիներին, ՀՀ քաղաքացիներին լինի։ Այդ առումով ինձ համար մեծ հարցական է, և չգիտեմ՝ երբևէ կստանամ պատասխանը, թե չէ»։
Փաստաբանն ասում է՝ կնոջ մայրության և հղիության պաշտպանվածությոան իրավունքը պաշտպանված է ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով։ Նանե Ասատրյանի խոսքով՝ ինքն այդպես էլ չկարողացավ օգտվել աշխատող կնոջը տրված պետական բոլոր արտոնություններից։ Նեղսրտած է՝ փաստորեն հղի կնոջ իրավունքները պաշտպանող գլխավոր երաշխավորը՝ պետությունը, իր դեպքում գտել է օրենքներում որոշ հակասություններ ու մայրանալու ուղարկել աշխատանքից ազատելով։