Մատչելիության հղումներ

Չինացի Դին Լիժենը՝ շախմատի աշխարհի չեմպիոն


Չինացի Դին Լիժենը և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Աստանա, 30-ը ապրիլի, 2023թ.
Չինացի Դին Լիժենը և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Աստանա, 30-ը ապրիլի, 2023թ.

Չինացի շախմատիստ Դին Լիժենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար լարված պայքարում առավելության հասավ ռուսաստանցի մրցակից Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:

30-ամյա չինացին աշխարհի թագը վաստակեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մրցաշարի լրացուցիչ փուլում՝ «թայ-բրեյքում»:

Խաղի ժամանակի դասական հաշվվման կարգով տեղի ունեցած 14 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ 7-7, ինչից հետո նշանակվեց «թայ-բրեյք»՝ լրացուցիչ չորս պարտիաներ «արագ շախմատի» կարգով:

Դրանցից երեքում Դին Լիժենը և Յան Նեպոմնյաշչին խաղաղ դաշն կնքեցին, իսկ չորրորդում հաղթեց չինացի մարզիկը:

Նա դարձավ տղամարդկանց մրցաշարում շախմատի աշխարհի առաջին չեմպիոնը Չինաստանից:

Նեպոմնյաշչին Աստանայում մրցել է չեզոք դրոշի ներքո, քանի որ Ուկրաինայի վրա ռուսների հարձակումից հետո ՖԻԴԵ-ն, չորակազրկելով ռուսաստանցի շախմատիստներին, այնուամենայնիվ պահանջել է նրանցից մրցաշարերում հրաժարվել Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներից:

Նեպոմնյաշչին 2021 թվականին աշխարհի թագի համար պայքարում 3.5-7.5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել մոլորակի ամենաբարձր վարկանիշով շախմատիստ, աշխարհի նորվեգացի չեմպիոն Մագնուս Կարլսենից:

2013 թվականին տիտղոսն առաջին անգամ վաստակած և դրանից ի վեր այն մշտապես պաշտպանած նորվեգացին 2021-ի հաղթանակից հետո ասել է, որ չունի չեմպիոնության համար պայքարելու մոտիվացում, քանի որ աշխարհի եզրափակիչներից այլևս բավականություն չի ստանում:

Նա ասել է, որ գուցե կխաղա՝ այն դեպքում, եթե հավակնորդի դերում հայտնվի շախմատի աշխարհում հրաշամանուկի համբավ վաստակած Ալիռեզա Ֆիրուզջան, ով հիմա ներկայացնում է Ֆրանսիան, իսկ ավելի վաղ հանդես է եկել Իրանի դրոշի ներքո:

Հավակնորդների մրցաշարն ավարտվել է Յան Նեպոմնյաշչիի հաղթանակով, և քանի որ Մագնուս Կարլսենը չի վերանայել որոշումը, ռուսաստանցին թագի համար պայքարել է երկրորդ տեղը գրաված Դին Լիժենի հետ:

Նեպոմնյաշչին մի քանի անգամ հրապարակավ դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, ինչի համար իշխանամետ մամուլի և մի շարք պետական գործիչների կողմից քննադատության է ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG