Մատչելիության հղումներ

Ընթացիկ շաբաթը հարուստ է երաժշտական իրադարձություններով


Կբացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան Ժամանակակից դասականների 3-րդ փառատոնը

Դեռ տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Հայաստանում հիմնադրվեց մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից Քշիշտոֆ Պենդերեցկու անվան փառատոն, որը, ի դեպ, միակն է, որ անցկացվում է կոմպոզիտորի հայրենիքից՝ Լեհաստանից դուրս։

Ապրիլի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու անվան Ժամանակակից դասականների 3-րդ փառատոնի բացումը։ Փառատոնն այս տարի նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 90-ամյա հոբելյանին։

Փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև կոմպոզիտորի տիկինը՝ երաժշտագետ Էլժեբետտա Պենդերեցկայան։ Փառատոնի շրջանակներում կայանալիք չորս համերգների ընթացքում կներկայացվեն մեր ժամանակկից լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց մեծ մասը կհնչի առաջին անգամ։

Ժամանակակից դասական երաժշտության երկրպագուները փառատոնի ընթացքում կունկնդրեն ոչ միայն արտասահմանցի նշանավոր կոմպոզիտորների, այդ թվում և Պենդերերցկու, այլ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություները։ Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան նաև անվանի մենակատարներ՝ ֆլեյտահար Նոյեմի Գյորին և դաշնակահարներ Միրոսլավ Կուլտիշևը և Հայկ Մելիքյանը։ Փառատոն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Մենահամերգով հանդես կգա Ալեքսեյ Լյուբիմովը

Ապրիլի 27-ին տեղի կունենա ևս մեկ նշանակալից իրադարձություն։ Առնո Բաբաջանյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Ծրագրում ներառված են դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև Կոմիտասի ու Մանսուրյանի ստեղծագործությունները։

Ուշագրավ է, որ երևանյան մենահամերգից երկու օր առաջ լեգենդար դաշնակահարը մենահամերգով հանդես է եկել Գյումրիիում, որտեղ երեկ նաև վարպետության դաս է անցկացրել տեղի շնորհաշատ երիտասարդ դաշնակահարների հետ։ Ալեքսել Լյուբիմովը Հայաստան է ժամանել Պետական ֆիլհարմոնիայի հրավերով և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կմեկնարկի Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը

Ապրիլի 28-ին էլ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի հայ դասական լավագույն կոմպոզիտորներից Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն, որի կմասնակցեն մեկ տասնյակից ավել երգչախմբեր։ Փառատոնային երեք համերգների ընթացքում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագրծությունները։

Հայ երաժշտության պատմության մեջ մեծանուն կոմպոզիտոր, խմբավար Կարա-Մուրզան առաջինն է անդրադարձել բազմաձայն երգեցողությանը, նրա ղեկավարությամբ է 1885 թվականին կայացել քառաձայն հայկական առաջին երգչախմբի համերգը։

Այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները, այլև պատմության էջերից կրկին վերհանել Կարա-Մուրզայի անունը, երաժշտարվեստն ու գործունեությունը և նրա դերը հայ դասական երաժշտության զարգացման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG