Մատչելիության հղումներ

SIPRI. Աշխարհի երկրները 2022-ին 2 տրիլիոն 240 միլիարդ դոլարի զենք են գնել


SIPRI հանդեսի զեկույցը
SIPRI հանդեսի զեկույցը

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում մոլորակի երկրները զենքի համար ծախսել են 2 տրիլիոն 240 միլիարդ դոլար: Դա 3.7 տոկոսով գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը:

Առավել մեծ գումարներ զինված ուժերին հատկացրած երկրներից են Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը: Եռյակի միացյալ ծախսերը կազմել են աշխարհում զենքի համար հատկացված ընդհանուր գումարի 56 տոկոսը:

Եվրոպայում ծախսերի ամենախոշոր ավելացումն է անցած 30 տարիների կտրվածքով:

«Ծախսերի աճը վկայում է, որ մենք ապրում ենք անվտանգության տեսակետից շատ անապահով աշխարհում: Պետություններն անվտանգային միջավայրի վատթարացմանը զենքին տրամադրվող գումարների ավելացմամբ են արձագանքում, քանի որ տեսանելի ապագայում իրավիճակի բարելավում չեն ակնկալում», - ասել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի ռազմական ծախսերի և սպառազենի արտադրման բաժնի ավագ վերլուծաբան Նան Տիանը:

Ըստ ինստիտուտի, 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումն էապես նպաստել է աշխարհի անվտանգային համակարգի թուլացմանը:

Այն, ինչ Մոսկվան անվանում է «հատուկ ռազմական օպերացիա», երկու կողմերի տասնյակ հազարավոր զինծառայողների կյանք է խլել, իսկ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշնակիցներին դրդել է Ուկրաինային ռազմական հսկայածավալ օգնություն տալուն:

Ռուսաստանի համար անսպասելի էր ուկրաինացիների ցույց տված կատաղի դիմադրությունը: Ստոկհոլմի ինստիտուտը հաղորդում է, որ 2022 թվականին Ռուսաստանը 9.2 տոկոսով է ավելացրել ռազմական ծախսերը` դրանք հասցնելով 86 միլիարդ 600 միլիոն դոլարի: Դա Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի 4.1 տոկոսն է: 2021-ին ռուսների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 3.7 տոկոսն են կազմել:

«Ռուսաստանում ռազմական բյուջեով նախատեսվածի և իրական ծախսերի տարբերությունը վկայում է, որ Ուկրաինա ներխուժելու գինը պատկերացրածից շատ ավելի մեծ է», - ասել է ինստիտուտի ռազմական ծախսերի և սպառազենի արտադրման բաժնի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոն:

Է'լ ավելի տպավորիչ է Ուկրաինայի վիճակագրությունը: Ռազմական ծախսերը հասել են 44 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է 640 տոկոսի աճ: Ռազմական ծախսերի ավելացումը և տնտեսությանը պատերազմի հասցրած վնասը կազմել են Ուկրաինայի համախառն ներքին արդյունքի 34 տոկոսը: Դա մեկ տարում ամենաբարձր ավելացումն է Ստոկհոլմի ինստիտուտի կատարած հետազոտությունների ամբողջ պատմության ընթացքում: 2021 թվականին Ուկրաինայի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 3.2 տոկոսն են կազմել:

Միացյալ Նահանգները ծախսել է 877 միլիարդ դոլար՝ դա երկրորդ տեղում գտնվող Չինաստանի ծախսերի եռապատիկն է և երրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի ծախսերի տասնապատիկը:

Շեշտակի ավելացրել են ծախսերը Ռուսաստանի հարևանները՝ Ֆինլանդիան, Լիտվան, Շվեդիան և Լեհաստանը:

Աշխարհում ռազմական ծախսերի չափով չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 81 միլիարդ 400 միլիոն դոլար: Հինգերորդը Սաուդյան Արաբիան է՝ 75 միլիարդ դոլար: Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրներից ռազմական ծախսերի տեսակետից առաջատարը Մեծ Բրիտանիան է՝ 68.5 միլիարդ դոլար, որից 2.5 միլիարդը փոխանցվել է Ուկրաինային:

Ուշագրավ է, որ Թուրքիան երեք տարի շարունակ իջեցնում է ծախսերը: 2022-ին թուրքերը զինված ուժերին տրամադրել են 10 միլիարդ 600 միլիոն դոլար՝ դա 2021 թվականի համեմատությամբ 26 տոկոսով քիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG