Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ, հայտնում է կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր ներկայանալով որպես քրիստոնեության և իսլամի արդյունավետ երկխոսության վառ օրինակ, «առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հանուն տարածաշրջանային կայունության»:
«Հազարամյակների հարուստ պատմության վրա խարսխված և անշեղորեն զարգացող մեր երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար այսօր առկա են բոլոր նախադրյալները: Լիահույս եմ, որ քաղաքական կամքի և կայուն փոխգործակցության շնորհիվ ականատեսը կլինենք մեր երկու երկրների համագործակցության ընդլայնման՝ հանուն հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային անվտանգության», - շեշտել է վարչապետը: