Մատչելիության հղումներ

Չափահաս տղան սեռական հարաբերություն է ունեցել դեռահասի հետ, «հարս տանելուց հետո էլ» բռնության ենթարկել. պնդում է աղջկա մայրը


Դեռահաս աղջիկը հղիության 7-րդ ամսում է եղել, երբ նրա հետ սեռական հարաբերություն ունեցած 20 տարեկան տղայի ընտանիքը նրան հարս է տարել։ Աղջկա մայրը պնդում է՝ տարել են, որ օրենքով չպատժվի իրենց տղան։

«Երեխան հղիացել է, երբ 13 տարեկան է եղել։ Ես չեմ իմացել, որ ինքը սեռական կյանքով ապրում է մի հատ տղու հետ», - ասում է նա։

16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

Բայց հետո դեռահասը մորը պատմել, է որ արդեն «հարսնացուի կարգավիճակում» ամեն օր սեռական բռնության է ենթարկվել տղայի կողմից։ Ներկայանալ չցանկացող մայրն աղջկան վերադարձրել է տուն։ Փոքրիկն արդեն ծնվել է, դեռահաս մայրը հոգեբանական ծանր վիճակում է՝ հասարակությունն իրեն է մեղադրում, տղայի մասին ոչ մի խոսք։

«Խիստ մայր եմ եղել, աղջիկս ամեն օր ժամը 18։00-ին տանն է եղել»,- պատմում է անչափահաս աղջկան ու թոռանը խնամող կինն ու նեղսրտում՝ գուցե աշխատանքով ծանրաբեռնված՝ կորցրե՞լ է երեխայի հետ անկաշկանդ հարաբերություններ կառուցելու պահը։

«Չի պատկերացրել՝ դա ինչ բան է, անգամ չի կարողացել մի հատ թեստ անի, տեսնի՝ իրոք հղի է։ Անընդհատ էդ տղուն զանգում էր, էդ տղան էլ որ իմացել է՝ հղի է, անընդհատ փախչում էր իրենից։ Անգամ չէի կարող պատկերացնել, որ այդ տղան 13 տարեկան աղջկա վրա կնայի։ Ինքը թմբլիկ է եղել, միշտ գոտի էր կապում, որ նիհար երևա, ու չէի պատկերացնում, որ ինքը հղի է, 7 ամսական հղի է եղել, որ ես իմացա։ Ես գնացի էն աշխարհ, եկա։ Հարևանները փսփսում են, ասում են՝ աղջիկն է մեղավոր. մինչև հիմա պահում եմ երեխուս աչքիս լույսիս պես», - ասում է կինը։

Մայրը պատմում է, որ իր հղի աղջնակը երակները վնասել, ինքնասպանության փորձ է արել, ասում է՝ չի հասկացել իր հետ կատարվածը, երեխա է։ Պնդում է՝ իսկ չափահաս տղան գիտակցելով է սեռական հարաբերություն ունեցել իր երեխայի հետ։

Սկզբնական շրջանում ոստիկանությունն ընթացք չի տվել այս գործին, որովհետև տղան ասել է՝ տեղյակ չի եղել, որ աղջիկն անչափահաս է։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» հոգեբանական աջակցություն է ցուցաբերել անչափահասին, փաստաբան տրամադրել։ Դեռահաս հղիի իրավունքները պաշտպանող փաստաբան Իննեսա Պետրոսյանը հեռախոսային նամակագրությունն է իրավապահներին որպես ապացույց ներկայացրել, որտեղ աղջիկը տեղեկացրել է տղային, որ ինքն անչափահաս է։ Թեև առանց դրա էլ, ըստ փաստաբանի, այդ պատճառաբանությունը պատժից ոչ ոքի չի ազատում, գործը հիմա դատարանում է, չափահաս տղամարդը մեղադրյալի կարգավիճակ ունի, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։

«Փաստարկվում է այն հանգամանքը, որ աղջիկ երեխան, օրինակ, չուներ 14-15 տարեկանի տեսք, և իմացել են, որ իբրև 16 տարեկանից բարձր է։ Այստեղ այս փաստարկն է հիմնականում տեղի տալիս, որի հիմա վրա էլ մի շարք քրեական գործեր նախաքննության փուլում կարճվում են», - ընդգծում է փաստաբանը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն օրերս մի սեղանի շուրջ էին հրավիրել ՀԿ-ներին, իրավապահ համակարգի ու պետական մյուս մարմինների ներկայացուցիչներին՝ նորից վերհանելու սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում։

«Ամենահիմնական խնդիրն այն է, որ ընդգրկուն, համապարփակ, բազմասնագիտական արագ արձագանքման մեխանիզմ չկա, վիճակագրության հավաստիության, շարունակականության, այդ update-ների խնդիրն ունենք», - նկատեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Հայաստանում շուրջ 15 տարի գործող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» բռնության 220 դեպք է արձանագրել, 91-ն՝ անչափահասների նկատմամբ, նախորդ տարի այդ թիվը 30-ն է եղել։ Կենտրոնի ծրագրերի համակարգող Անուշ Գաբրիելյանն ասում է՝ 6 անչափահասի հղիության դեպքով են արդեն զբաղվել։ Կարևորեց, որ դրոցներում ներդրվել է «առողջ ապրելակերպ» առարկան, որտեղ ի թիվս այլ կարևոր տեղեկությունների, մարմնի սահմանների, սեռական դաստիարակության վերաբերյալ տեղեկություն են երեխաները ստանում, բայց այլ կառույցներ էլ պետք է ավելի ակտիվ զբաղվեն, ասում է նա։

«Շատ մեծ դեր ունեն պետական սոցիալական ծառայությունները՝ սկսած համայնքային ծառայություններից, օրինակ՝ համայնքային սոցիալական աշխատողները, մինչև միավորված սոցիալական ծառայությունների մասնագետները, ովքեր պարբերաբար տունայց են անում։ Պետական կառույցի աշխատակիցն ունի այդ հնարավորությունը, այսինքն՝ ինքը պետք է ունենա այնքան հմտություն՝ նախ ճանաչելու՝ ինչ է սեռական բռնությունը, սեռական ոտնձգությունը, հետո արդեն կարողանա վեր հանել դա», - նշեց նա։

Քննչական կոմիտեն նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 545 գործ է քննել, դրանցից միայն 73-ն են դատարան ուղարկվել, 11-ը հարուցվել են սեռական բնույթի գործողության հոդվածով։

Մոտ մեկ տարի առաջ Քրեական օրենսգրքում սեռական բռնությանն առնչվող նոր հանցատեսակներ են ավելացվել, փոփոխություններ են արվել նաև Ընտանեկան բռնության մասին օրենքում։ Հանդիպմանը ներկա գերատեսչական մարմինների ներկայացուցիչներն ասացին՝ օրենքն իր փոփոխություններով ամբողջական կընդունվի սեպտեմբերին։ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի կարծիքով՝ ձգձգվող այդ գործընթացը պետք է արագացնել։

«Դուք չորս ամիս ժամանակ ունեք, առաջ շարժվեք, քանի որ դա իսկապես կօգնի երկրի հեղինակությանը, բայց նաև մեզ ավելի շատ գործիքներ կտա՝ կանանց պաշտպանելու համար», - նշեց նա։

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի լրացումներից մեկով ընտանիքում բռնության ենթարկված քաղաքացին իր մոտ ազդարարման թվային սարք կունենա, իսկ բռնարարը կկրի էլեկտրոնային թևնոց կամ ոտքի շղթա։ Այս սարքերով ոստիկանությունը հստակ կարձանագրի՝ արդյոք բռնարարը խախտում է արգելքն ու մոտենում իր կողմից բռնության ենթարկվածին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG