Չորեքշաբթի ուշ երեկոյան ուկրաինական մայրաքաղաքի երկինքում սպիտակ բռնկում է նկատվել: Դեռևս պարզ չէ, թե ինչն է դրա պատճառը։
Ըստ նախնական տեղեկությունների, որոնք, մասնավորապես, տարածել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը, բռնկման պատճառ է դարձել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքը։ «Մի անհանգստացեք անհայտ թռչող օբյեկտի հետ կապված: Սա մեր ՀՕՊ-ն է»,- գրել է Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում, սակայն այս գրառումն ավելի ուշ ջնջվել է։
Դրանից հետո Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտարարեցին, որ Կիևի երկնքում այդ բռնկման պատճառը կարող է լինել արբանյակի կամ երկնաքարի ընկնելը, սակայն ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հերքեց ենթադրությունը, թե Կիևի երկնքում ուշ երեկոյան տեղի ունեցածը կապված է արբանյակի ընկնելու հետ:
Կիևի շատ թաղամասերում տեսել են սպիտակ լույսով շողացող ընկնող առարկան: Դրանից անմիջապես հետո միացել է օդային տագնապը: