Մատչելիության հղումներ

Ժամանակին վանդալիզմի զոհ դարձած Բանվորի արձանը կվերականգնվի


26 տարի է անցել, բայց երևանցիները դեռ չեն մոռացել, որ այնտեղ, որտեղ հիմա մի խառը շինանյութի շուկա է, բանվորի 11 մետրանոց թուջե կերտվածքն էր՝ Բանվորի արձանը, որ Շենգավիթում հատուկ հասցե էր։

Անկախ Հայաստանում Բանվորը կարմիր ժամանակների խորհրդանիշ համարվեց ու մի օր տապալվեց։ Այդ ժամանակ քաղաքապետարանից հնչեց այսպիսի պարզաբանում. - «Քաղաքապետարանը «Բանվորի արձանը» համարում է այնպիսի մշակութային արժեք, ինչպիսին տասը գծամետր լավ տաշած մայթեզրի քարը, և ըստ այդմ է վերաբերվում է դրա ճակատագրին»։

Մի խումբ արվեստագետներին, արձանի հեղինակ Արա Հարությունյանի ընտանիքին սակայն բանվորի ճակատագիրը մտահոգում էր, փնտրում էին արձանի մնացորդները։ Ապամոնտաժված հսկայի մասնատված կտորները գտնվեցին մի մասնավոր տարածքում ՝ կիսատ-պռատ, ձեռքը գլխի տակ դրած

«Պահպանված են արձանի մի քանի մասերը՝ գլուխը, բռունցքը արմունկի հետ, երկու կոշիկները, մեկ ոտքը և իրանի մի հատվածը», - փոխանցեց Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը։

Նրա խոսքով, երբ նախորդ տարի որոշեցին արձանի գլուխն ու բռունցքը ցուցադրել պատկերասրահում, որպես վանդալիզմի զոհ դարձած ստեղծագործություն, պարզվեց Բանվորը շարունակում է սիրելի մնալ երևանցիների համար, այցելուները շատ էին, հետաքրքրությունը՝ մեծ։ Իհարկե շատ մեծ դժվարությամբ ցուցասրահ կարողացան հասցնել միայն գլուխն ու բռունցքը, արմունկը պատկերասրահի բակում մնաց, ոտքը կոշիկները, մյուս պահպանված կտորները գործարանային տարածքում։

«Ինքը քայլ էր դնում առաջ։ Այդ քայլով իր վաղեմի երազանքն էր փորձում ներկայացնել՝ քայլ դեպի Արևմտյան Հայաստան, դեպի Արարատ», - պարզաբանեց Դավթյանը։

Արվեստաբան Մարիամ Դավթյանը արձանի հեղինակի մեկնաբանությունն է ներկայացնում. Արա Հարությունյանը բոլորովին էլ Սովետի հնազանդ բանվորի չի ներկայացրել։ «Այդ տարիների ռեալիստական քանդակագործության կողքին, բանվորը խոշոր ծավալային ու կուբիստական լուծումներով վստահ ու վճռական մեկն էր», - բացատրում է արվեստաբանը։

Ի դեպ, Բանվորի ձեռքին ոչինչ էլ չի եղել։ Մարիամ Դավթյանի փոխանցմամբ, այցելուների մեծ մասը հարցնում էր՝ բա մուրճն ո՞ւր է։

Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց վերականգնել Բանվորի արձանը, և այդ նպատակով բյուջեից տրամադրվում է 80 միլիոն դրամ։ Այս որոշմանը նախորդել էր հանրային քննարկում մշակութային գերատեսչության ու պատկերասրահի նախաձեռնությամբ։ Քանդաակգործ, ճարտարապետ, արվեստաբանների հետ քննարկվեց՝ բանվորին վերականգնել ողջ հասակո՞վ, թե՞ այլ ժամանակակից լուծում գտնել։ Պարզվեց, որ ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ։

«Ցավոք, հեղինակը ողջ չէ։ Եվ չկան էսքիզային հատվածները, չկա մակետը, գիպսի մակետները, ֆորմաները չկան։ Եվ թուջից արձան ստեղծելն էլ իհարկե մեծ դժվարություն է», - նշեց Դավթյանը։

Այժմ կառավարությունը ֆինանսավորում է Բանվորի արձանի ինստալյացիայի նախագծի ստեղծման ու տեղադրման աշխատանքը։ Այսինքն՝ մրցույթին մասնակցող ստեղծագործական խմբերը պետք է ներկայացնեն արձանի պահպանված կտորները ներկայացնելու նորարար մոտեցումներ։ Այդ 80 միլիոնով նաև պետք է տարածքը բարեկարգվի։

Բանվորը կվերադառնա Շենգավիթ, բայց ոչ այնտեղ որտեղ նախկինում էր. - «Աշխատանքի հրապարակին կից հատվածում, այսինքն՝ Գործարանային մետրոյին հարող տարածքներում իրականացնել ինստալյացիան»։

Տապալված թուջե հսկայի վերադարձը սակայն միանշանակ չի ընդունվում։ «Սիրուն չէր ինքը, վախենալու էր», - տագնապում է հենց Գործարանային մետրոյի մուտքի մոտի կրպակի աշխատակիցը։

Հմայակ Գասպարյանը հակառակը, սպասում է այդ լավ օրվան. - «Շնորհակալ կլինեմ, եթե դնեք, շատ շնորհակալ կլինեմ։ Բանվորը մեզ պետք ա, մենք բանվոր ենք էղել ժամանակին»։

Ռաֆայել Պետրոսյանը անհանգստանում է՝ նոր սերունդը չի հասկանա, ավելին՝ գուցե ծաղրեն. - «Ծիծաղելու համա՞ր դնեն... Էն բանվորությունը չկա, էն հասկացողությունը չկա։ Դնեն որ ի՞նչ»։

Մի շենգավիթցի էլ հիշեց՝ Բանվորի արձանը այն բացառիկներից էր, որին ոչ ոք չէր հայհոյում՝ ի տարբերություն պատվանդաններից իջեցված այլ հերոսների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG