Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը իր երկրի դրոշի այրման հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները:
«Ես կարծում եմ, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշի այրումը Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ արարքն է։ Ես դա ընդունում եմ այդպես: Սա պատահականություն չէ և մեկ մարդու գործ չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ գործողությունն է: Շատ պատճառներ կան դա ասելու համար», - երեկ հայտարարել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ նման իրադարձություն է տեղի ունենում, և նրանց կողմից արձագանք չկա, ապա «արարքի հեղինակն իշխանությունն է և ինքը՝ պետությունը»։
Ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետևանքով այդ երկրի հավաքականը լքեց առաջնությունը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզական էթիկայի տեսանկյունից մտահոգիչ որակեց Բաքվի որոշումը՝ ընդգծելով, որ «միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ»:
Այդուհանդերձ, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան խստորեն դատապարտեց Երևանում տեղի ունեցածը՝ հայտարարելով Ադրբեջանի պատվիրակության հետ լիակատար համերաշխության մասին: