Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակում ուղեգրվել էին Հայաստանում բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, նաև ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Անցած տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Հանրապետական բժշկական կենտրոնում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 317 հիվանդ, փոխանցում է Արցախի առողջապահական գերատեսչությունը: