Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունը ՀՀ-ում գրանցվել է 1 տարի առաջ. սեփականատերը ՌԴ քաղաքացի է


Հայաստանում գրանցված մեկ ընկերություն՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն հայտնվել է Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների տակ։ Միացյալ Նահանգները օրերս նոր ցանկ էր հրապարակել՝ տարբեր երկրներում գրանցված 28 կազմակերպությունների, այդ թվում՝ այս ընկերության համար արտահանման սահմանափակումներ մտցնելով։

Ամերիկյան վարչակազմը պնդում է՝ այս ընկերությունները «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ» են ներգրավված, մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանական և արդյունաբերական ոլորտներին աջակցելու նպատակով ամերիկյան արտադրանք գնելով կամ գնելու փորձ կատարելով։

«ՏԱԿՈ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2022-ի մայիսին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանման առաջին ամիսներին։ Ըստ պետական ռեգիստրի՝ 100 տոկոս սեփանակատերը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Վերխովցևն է։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով։

Այլ տվյալներ այս ընկերության մասին չկան։ «Ազատությունն» այցելեց ընկերության իրավաբանական հասցե, շենքի տնօրինությունից ասացին՝ տարածքը վարձակալել էին, սակայն աշնանը այստեղ տեղակայված գրասենյակները հեռացել են շենքից, իսկ թե ուր, պնդեցին, թե տեղեկություն չունեն։ Ըստ ռուսական ՌԲԿ-ի՝ նույն անուն-ազգանունն ունեցող անձը մեկ ուրիշ ընկերություն Ռուսաստանում ունի, որն էլ զբաղվում է բիզնեսի և կառավարման խորհրդատվությամբ, ինչպես նաև միրգ-բանջարեղենի վերամշակմամբ։

Դեռ անցած սեպտեմբերին էր Վաշինգտոնը պնդում՝ ՏԱԿՈ-ն ռուսական «Ռադիոավտոմատիկա»-ի հետ է համագործակցում, մասնավորապես ռուսական ընկերությունը վճարում է ՏԱԿՈ-ին մասերի ներկրման համար։

Ամերիկյան կողմը «Ռադիոավտոմատիկան» ռուսական պաշտպանական ընկերություն է համարում։ Ռադիոավտոատիկայի պաշտոնական կայքում նշված է, որ ընկերությունը տեղական և արտասահմանյան էլեկտրոնային բաղադրիչների, չափող և փորձարկող սարքերի մատակարարմամբ է զբաղվում։

Պատժամիջոցներին հետևելու հարցը այս շաբաթ քննարկվել է հայ և ամերիկացի պաշտոնյաների բանակցություններում։ Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպմանն ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը, ըստ ամերիկյան կողմի,«կարևորել էր Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը»: Հայկական կողմի հաղորդագրության մեջ պատժամիջոցների մասին հիշատակում չկար։ ԱՄՆ-ն նաև անցած ամիս էր հորդորել Հայաստանին չնպաստել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին շրջանցմանը։

Արևմտյան նախազգուշացումներին պետք է հետևել. տնտեսագետ

Արևմտյան պատժամիջոցների սահմանումից ի վեր Հայաստան- Ռուսաստան առևտրաշրջանառությունը, հատկապես այստեղից արտահանումը կտրուկ աճեց։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ հենց սանկցիաներն են մեծ դեր խաղացել։

«Ակնհայտ է, որ այդ ապրանքների մեջ մեծ թիվ է կազմում վերաարտահանումը, օրինակ՝ ավտոմեքենաների վրա կամ սարքավորումների, տեխնիկայի, վիդեոսարքերի, տարբեր գործիքների արտահանումը դեպի Ռուսաստան կտրուկ ավելացել է, և միանշանակ այդ ապրանքների մի զգալի մասը կարող է ընկած լինի պատժամիջոցների տակ», - ասաց նա։

Պարսյանի խոսքով՝ առաջին հայացքից այս ամենը Հայաստանի համար շահավետ է, բայց արևմտյան նախազգուշացումներին պետք է հետևել. - «Կարծում եմ՝ վերջին օրերին արդեն հայտնի դարձած այս ընկերության նկատմամբ սահմանափակումը վերջինը չի լինի, քանի որ Հայաստանը և Հայաստանի իշխանությունները համապատասխան քայլեր չեն իրականացնում, որ Հայաստանը չգտնվի այդ պատժամիջոցների այս խաչմերուկում։ Չպետք է կարճաժամկետ մտածել, մի քանի միլիոն դոլարի համար չարժե Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը, աևտրաշրջանառությունը հարվածի տակ դնել»։

Տնտեսագետը շեշտում է՝ ռիսկերը բարձր են՝ Հայաստանը գերտերությունների պայքարի թատերաբեմ չպետք է դառնա՝ խուսափելով նման սցենարներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG