Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնքեն, այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստից հետո ասել է Ռուսաստանի Դաշնության խորհդարանի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար և շարունակում է այդ ջանքերը:
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է արագ»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն:
Ավելի վաղ տեղի է ունեցել Մատվիենկոյի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, որի ընթացքում Գաֆարովան պնդել է, թե Հայաստանը տարածաշրջանում սրում է վիճակը:
Մատվիենկոն, իր հերթին, գովեստով է խոսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Սանկտ Պետերբուրգումն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ համաձայնությունը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները և չորս ամիս շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը: