Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ներքաշված է ֆինանսական մեքենայությունների գլոբալ ցանցում։
Ցանցի մասնակիցներին հաջողվել է շուրջ մեկ միլիարդ դոլար հափշտակել բրիտանացի, գերմանացի և սկանդինավ թոշակառուներից՝ նրանց անհատական տվյալները գողանալով և շահավետ ներդրումների կեղծ խոստումներ տալով։ Այս մասին են վկայում բրիտանական BBC-ի կողմից նախօրեին հրապարակած հետաքննության տվյալները։
Դրանց համաձայն՝ խարդախությամբ զբաղվող շուրջ 150 ընկերությունների մի մասն ուղղակի առնչություններ ունի Կեզերաշվիլու և նրա բիզնես գործընկերների հետ։ Մեքենայությունների մեխանիզմը հետևյալն էր՝ Թբիլիսիում և Կիևում գտնվող բաժանորդների սպասարկման կենտրոնների՝ այսպես կոչված call-center-ների աշխատակիցները զանգահարում էին եվրոպացի թոշակառուներին և նրանց խաբեությամբ համոզում գումարներ ներդնել կասկածելի ֆինանսական սխեմաներում ներգրավված ընկերություններում կամ էլ օֆշորային գոտիներում։
«Այս սխեմայի առանցքային դերակատարը Milton Group ընկերությունն է, որի գրասենյակը տեղակայված է Կիևում՝ Կեզերաշվիլիին պատկանող բիզնես-կենտրոնի շենքում», - պնդում է BBC-ն։
«Ես կասկածներ և բավական հիմնավոր ենթադրություններ ունեմ, որ այս թեման կրկին դաշտ է նետվում պետական լրատվամիջոցների կողմից՝ հանրության ուշադրությունը իշխանությանն առնչվող մի շարք սկանդալներից շեղելու համար։ Խոսքը նախևառաջ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը վերաբերող սկանդալային պատմությունների մասին է», - հայտարարել է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» քաղխորհրդի անդամ, Դավիթ Կեզերաշվիլիի հետ սերտ կապեր ունեցող Լևան Բեժաշվիլին՝ այնուհանդերձ լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք ինքը BBC-ին էլ է դասում «Վրացական երազանքի» կողմից վերահսկվող լրատվամիջոցների թվին բացասական պատասխան տալով։
Սկանդալը Վրաստանում գրեթե ակնթարթորեն ներքաղաքական հնչեղություն ստացավ, ինչը օրինաչափ էր։ Կեզերաշվիլին համարվել և այժմ էլ համարվում է երրորդ նախագահ Սաակաշվիլիի ամենամերձավոր գործիչներից մեկը։ Մինչև «Վարդերի հեղափոխությունը» նա Սաակաշվիլիի օգնականն էր, հետագաում զբաղեցրել է արդարադատության, իսկ 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Սաակաշվիլիի իշխանությունից հեռանալուց հետո Կեզերաշվիլին լքեց Վրաստանը, իսկ նրա դեմ հայրենիքում ընդհանուր առմամաբ յոթ քրեական գործ հարուցվեց։
Դրանցից մեկով նա անցած տարի հեռակա կարգով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Չնայած ներկայացվող մեղադրանքներին՝ Կեզերաշվիլին վերջին տասը տարիներին, բնակվելով Լոնդոնի 18 միլոն ֆունտ արժողությամբ իր տանը, շարունակում էր ակտիվորեն ներգրավված մնալ Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Մի շարք աղբյուրների գնահատմամբ՝ նախկին պաշտոնյան վրացական ընդդիմության գլխավոր ֆինանսական դոնորներից մեկն է, նրան է պատկանում նաև ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։
«Ցավոք սրտի, Եվրոպան շարունակում է հովանավորել Դավիթ Կեզերաշվիլիին։ Մարդ, որը սկզբում հինգ միլիոն եվրո է հափշտակել վրացական բանակից, ապա նաև թալանել է թոշակառուներին, ուղղակի առնչություն ունի վրացական կուսակցություների, ոչ կառավարական սեկտորի և լրատվամիջոցների ֆինանսավորմանը։ Հուսով եմ, որ եվրոպական պետությունները լրջորեն կարձագանքեն այս հարցին, և Դավիթ Կեզերաշվիլին կարտահանձնվի Վրաստան՝ իր կատարած հանցագործությունների համար պատիժ կրելու նպատակով», - հայտարարում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Ինքը՝ Կեզերաշվիլին չորեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերով մի հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե կանի ամեն ինչ՝ BBC հետաքննության մեջ տեղ գտած տվյալները հերքելու համար։
«Ես օգտագործելու են բոլոր իրավական լծակները, որպեսզի ապացուցեմ բրիտանական հանրային հեռարձակողի կողմից հրապարակված փաստերի ոչ արժանահավատ լինելը», - Ֆեյսբուքում գրել էր Կեզերաշվիլին։
Բայց անգամ վրացական ընդդիմության շարքերում Կեզերաշվիլիին պաշտպանել ցանկացողների թիվը, դատելով վերջին 24 ժամերի իրադարձություններից, այնքան էլ մեծ չէ։
Բանն այն է, որ ըստ վրացական մի շարք աղբյուրների, ընդամենը երկու ամիս առաջ Կեզերաշվիլին և Սաակաշվիլիի ևս մեկ մերձավոր զինակիցը՝ նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ներկուսակցական ընտրությունների ընթացքում կարողացել էին վերահսկողություն սահմանել «Ազգային միացյալ շարժման» հանդեպ՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացնելով Նիկա Մելիային։ Դա էր թերևս պատճառը, որ Մելիայի առաջին արձագանքը ծագած սկանդալին շատ հեռու էր երբեմնի զինակցին աջակցություն ցուցաբերելուց։
«Ես ասել եմ Դավիթ Կեզերաշվիլիին, որ նա պետք է հեռու մնա քաղաքականությունից, ինչը լավ կլինի մեր երկրի ապագայի համար։ Ես միայն մի խորհուրդ ունեմ՝ զերծ մնացեք երկակի ստանդարտներից և հրեշի դեմ պայքարում ինքներդ հրեշի մի վերածվեք», - նշել է Մելիան։