Անկախության տարիներին ստեղծագործական միությունները շարունակեցին իրենց գործունեությունը՝ զրկվելով սակայն պետական աջակցությունից։
Միությունները սեփականության իրավունքով շարունակեցին տնօրինել իրենց հատկացված շենք-շինությունները, հանգստյան տները, դահլիճները, որոնց պահպանման, վերանորոգման համար, իհարկե, բավական լուրջ ծախսեր են պահանջվում։ Բոլոր ստեղծագործական միություններն էլ այս առումով փորձում են ինքնուրույն հայթայթել այդ միջոցները՝ կա'մ որոշ տարածքների վարձակալման միջոցով, կա'մ, հնարավորության դեպքում՝ հովանավորների։
Մասնավորապես Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնալով Դեմիրճյան փողոցի վրա գտնվող միության եռահարկ շենքի պահպանմանն ու հիմնանորոգմանը՝ ընդգծում էր. - «Անկախության ժամանակ այս շենքը լրիվ անտեսվել է։ Այո, հիմա կամաց-կամաց էս բոլորը անում ենք միության միջոցներով»։
Հարցին, թե արդյոք դիմում են պետությանը միջոցներ հատկացնելու խնդրանքով, Սաթյանը պատասխանեց. - «Սկզբից դիմում էի, հետո հասկացա, որ անիմաստ է»։
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը Արամ Սաթյանը ղեկավարում է արդեն 10 տարի։ 2013 թվականին միության նախագահ ընտրվելուց հետո նա միության Դիլիջանում գտնվող ստեղծագործական տունն անվանակոչեց մեր մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ, որի նախագահության տարիներին իր իսկ շնորհիվ և ջանքերով անցյալ դարի 60-ականներին կառուցվել է Կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը։
Բնականաբար շատ բարդ խնդիր էր պահպանել Դիլիջանում գտնվող բազմաթիվ առանձնատներից և շենք-շինություններից բաղկացած շատ մեծ տարածք ունեցող այս ստեղծագործական տունը, որը հայտնվել էր խիստ անմխիթար վիճակում անկախության 20 տարիների ընթացքում։ Բայց, ինչպես նշում էր միության նախագահը՝ այսօր արդեն 75-ամյա կոմպոզիտոր Արամ Սաթյանը. - «Կամաց-կամաց վերականգնում ենք։ Ճիշտ է, ոչ թե պետության գումարներով, այլ լիզինգ հասկացողություն կա. մենք տալիս ենք, իրանք սարքում են և մի քանի տարի օգտագործելուց հետո վերադարձնում են Կոմպոզիտորների միությանը»։
Սաթյանը ցավով նշում էր, որ թե' երգարվեստի, թե' դասական երաժշտության բնագավառը ուշադրության չի արժանանում հովանավորների կողմից, իսկ կոմպոզիտորներն էլ որևէ պետական պատվեր չեն ստանում և իրենցից յուրաքանչյուրը ինքն է ուղիներ փնտրոմ իր ստեղծագործությունները հնչեցնելու, ձայնագրելու և հանրությանը ներկայացնելու համար։
Իհարկե միությունը փորձում է հնարավորության սահմաններում աջակցել կոմպոզիտորներին այս առումով, բայց միջոցներն միշտ չէ, որ բավարար են. - «Այսօր պրոֆեսիոնալ կոմպոզիտորները շատ քիչ տեղ ունեն հեռուստառադիոծրագրերի մեջ։ Ինչ-որ տարօրինակ անուններ են գալիս և այլն, և այլն։ Կամ՝ կիսագրագետ երաժշտությունը, որը ոչ մի բան չի տալիս ուկնդրին։ Իսկ առաջվա երգերը բոլորը նորից վերակենդանացնում են... Իսկ ինչի՞ հնարավոր չի, որ պրոֆեսիոնալները գրեն նոր երգեր։ Ես նաև երգեր եմ գրում, բացի սիմֆոնիկ և կամերային գործերից, բայց երբեք Երևանում պատվեր չեմ ստացել, անձամբ չեմ ստացել։ Իմ դիսկս տպեց «Սոնի» ֆիրման իմ 65-ամյակին։ «Սոնին» կարող ա պատվեր տա, բայց մեր մոտ պատվերը չկա։ Ավելին ասեմ, երբ հնչում են երգերը, երգչի անունն ա տրվում։ Մեր ճանաչված երգչուհիներից մեկը կլիպ էր արել իմ երգերից մեկը, գրած ա իրա անունը ու պրոդյուսերը։ Զանգ տվեցի իրան, ասեցի շնորհավորում եմ։ Ասաց՝ հա, շնորհակալություն։ Ասի՝ լավ երգ ես գրել։ Թե՝ դուք եք գրել։ Ասեցի՝ բա ինչի՞ իմ անունը չկա... Իսկ ինչի՞ չեն դնում շատ անգամ։ Որ տոկոսները չգնան հեղինակին, գնան իրանց՝ կատարողին։ Ոչ մի լծակ... մենք այս անկախության ընթացքում դառանք հասարակական կազմակերպություն։ Նույն ա, ոնց որ կոշկակարների հասարակական կազմակերպությունը, որևէ պրոֆսոյուզի նման մի բան։ Հեղինակային իրավունք կա, բայց քանի որ հեղինակները չեն երևում... առաջ ծրագրեր կային պարտադիր՝ ում երգերն են նրանք կատարում։ Հիմի դա չկա։ Պետք է այդ բոլորը նայվի, և բնական է, պարտադրեն, որ այդ նվագախումբը, այդ երգիչները հեղինակներին գումար փոխանցեն։ Չի կարելի տենց բաներ անել։ Պետք է գնահատել այն մարդկանց, որոնք արարում են և ստեղծում են»։
Կոմպոզիտորների միության նախագահը հույս ունի, որ ի վերջո մեր երկրում էլ ժամանակի ընթացքում կկարողանան կարգավորել այս խնդիրը՝ որոշակի օրենսդրական բացեր լրացնելով, նպաստելով հեղինակային իրավունքի պահպանմանը և այլն։ Բայց դրա համար, նրա համոզմամբ, միայն միության կամ առանձին կոմպոզիտորների ջանքերը բավարար չեն, և այստեղ լուրջ անելիք ունեն նաև պետական տարբեր մարմինները։