Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Վրաստանը կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
«Իհարկե, մեր բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն այս ոլորտում մեծ ներդրում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Վրաստանը և Ադրբեջանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարևոր դերակատարություն ունեցող երկրներ են, և այդ դերն աստիճանաբար մեծանում է։ Տարեցտարի ավելանում է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի արտահանումը», - ուրբաթ օրը հայտարարել է Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո։
Ադրբեջանի առաջնորդը նշել է, որ Եվրամիության հետ անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Բաքուն պետք է մինչև 2027 թվականը Եվրոպային տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարի, Ալիևը հավելել է՝ «մենք կհասնենք այս ցուցանիշին»։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ղարիբաշվիլիի հետ առանձնազրույցի ընթացքում շատ կարևոր հարցեր են քննարկվել և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա կկառուցվեն հետագա անելիքները, մանրամասներ պաշտոնյաները չեն հայտնել։
«Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլ նաև մեր կարևոր ռազմավարական գործընկերը», - իր հերթին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և հավելել՝ «մենք իրարից դրական առումով կախվածության մեջ ենք»։