Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն «Երևանի ալրաղաց»-ի բունկերի պատի փլուզման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնել


Քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրում է՝ թե ինչի հետևանքով է 2 օր առաջ փլուզվել «Երևանի ալրաղաց»-ի բունկերի պատը, ինչի հետևանքով քարերը թափվել էին մետրոյի գծերի վրա։ Անգամ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է այսօրվա նիստի ընթացքում ընդունել՝ միայն երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել, եթե մետրոյի վարորդը չնկատեր հեռվում փոշու ամպը, դժբախտ պատահարը անխուսափելի կլիներ:

«Ամենախիստ ձևով, գտնել էդ ձևը և պատժի ենթարկել կառուցապատողին, ով մեղավոր է: Իրապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել, որը կարող էր բերել շատ վատ հետևանքների: Եվ այս տեսակ վերաբերմունքը աշխատանքին կարող է դրսևորվի ոչ միայն այստեղ, կարող է դրսևորվել բազմաբնակարան շենք կառուցելիս, այդ իմիջիայլոց վերաբերմունքով արմատուրային և բետոնին: Այսինքն՝ բոլոր ոլորտներում ունենք էս խնդիրը», - ասաց փոխքաղաքապետը:

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին՝ ցերեկը, մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում։ «Երևանի մետրոպոլիտեն»-ի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի նիստի ընթացքում հայտարարեց՝ մետրոն անխափան գործում է, բայց վերականգնողական աշխատանքները մինչև այս պահն էլ ընթանում են։

«Գնացքի մեքենավար Արմեն Հովսեփյանը 68 նշանակետին մոտենալիս նկատում է երթևեկության անվտանգությանը խանգարող փոշու ամպ և վթարված հենապատ, ինչի մասին անմիջապես տեղեկացնում է գնացքի կարգավարին, բոլոր հնարավոր միջոցներով զգուշացնում են առաջին գծով նշված տեղամասին մոտեցող գնացքի մեքենավար Ռաֆայել Հովհաննիսյանին՝ անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության մասին», - ներկայացրեց Սեդրակյանը:

Քրեական վարույթը նախաձեռնվել է գույք ոչնչացնելու, վնասելու կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հոդվածով։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանն» ասաց՝ քարերը թափվել են ոչ միայն մետրոյի գծերի, այլև հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի վրա, մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս հասցնելով վարձակալին:

«Պարզվել է, որ քանդման աշխատանքներն իրականացվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից, տվյալ բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերի հիման վրա, և մինչ այդ էլ այդ պայմանագրերի հիման վրա իրականացվել են նման աշխատանքներ: Դրանով է պայմանավորված, որ հիմնական քննության ուղղություններից մեկը նաև թույլտվությունների և ժամկետների, այդ պարամետրերի իրավապայմանագրային հիմքերի առկայությունը ստուգելն է, պարզելը և իրավական գնահատական տալը», - ասաց Աբրահամյանը:

Ըստ պետական ռեգիստրի վերջին տվյալների՝ «Երևանի ալրաղաց»-ը պատկանում է Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Ինչի՞ հետևանքով է փլուզում տեղի ունեցել

Ինչի՞ հետևանքով է փլուզում տեղի ունեցել, արդյոք եղե՞լ են քանդման աշխատանքներ, խախտվե՞լ են անվտանգության կանոնները, գործարանից մեր այս հարցերին գրավոր պատասխանեցին. «Ալրաղաց» ԲԲԸ տարածքում չեն իրականացվում կառուցապատման աշխատանքներ: «Ալրաղաց» ԲԲԸ-ն մասնագիտական կառույցին պատվիրել է քանդել վթարային բունկերները, որոնք 1930-ականների շինություն են: Պայթեցում չի իրականացվել: Ապրիլի 1-ին տեղի է ունեցել պատահական փլուզում: Մասնագիտական կառույցի հետ աշխատում են բոլոր պետական կառույցները»:

Մինչդեռ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պնդում են՝ 6 ամսվա ժամկետով քանդման թույլտվություն է տրվել հենց «Ալրաղաց» ընկերությանը, հետևաբար տեսչականից դիմել են Երևանի քաղաքապետարան, որ տուգանեն «Ալրաղաց» ԲԲԸ-ին։ Տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանի պնդմամբ՝ քանդման թույլտվության ժամկետն ավարտվել է դեռ մեկ ամիս առաջ, բայց աշխատանքներ դրանից հետո էլ են կատարվել:

«Որևէ մասնագիտական կառույցից քանդման թույլտվություն չի տրվել, քանդման թույլտվությունը տրվել է «Երևանի ալրաղաց» բաց բաժնետիրական ընկերությանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության հիման վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին, 6 ամիս ժամկետով, որի ժամկետը լրացել է մարտի 7-ին: Մենք քաղաքապետարանին գրություն ենք ուղարկել, որ քանի որ քանդման թույլտնությունը լրացել է, ապա պետք է վարչական պատասխանատվության ենթարկի «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին, ինքնակամ ապօրինի քանդման աշխատանքներ իրականացնելու համար 1000-ից մինչև մեկ միլիոն դրամի չափով», - ասաց Զոհրաբյանը:

Ականատեսներից մեկը նկարահանել է փլուզմանը նախորդած օրերին իրականացվող քանդման աշխատանքները. հսկայական կառույցը գետնին է տապալվում։ Այժմ, իրավապահները պետք է պարզեն՝ արդյոք տեղի ունեցածն անփութությա՞ն հետևանք է և ո՞վ է մեղավոր դրա համար, թե՞ իսկապես փլուզումը պատահական էր, ինչպես պնդում են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ալրաղաց» ընկերությունից։

XS
SM
MD
LG