Մատչելիության հղումներ

Այսօր Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է


Հովհաննես Թումանյանի արձանը Դսեղում։
Հովհաննես Թումանյանի արձանը Դսեղում։

Ճիշտ 100 տարի առաջ 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ծանր ու երկարատև հիվանդությունից հետո 54 տարեկան հասակում իր երկրային կյանքի ուղին ավարտեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այսօր նրա հիշատակի օրն է։

Լրացավ մեծ բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցը, որը ևս մի առիթ է ընձեռում հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Մեծ բանաստեղծի շիրիմը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում, որտեղ նա ապրել է վաղ պատանեկան հասակից մինչև կյանքի վերջը։

1923 թվականի ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանն իր վերջին հանգրվանն է գտնում Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ Բանաստեղծի որդիներից Արեգը դիահերձումից հետո վերցնում է հոր սիրտը, որն այնուհետև երկար տարիներ պահվում է բանաստեղծի ընտանիքում, իսկ հետո հանձնում են Երևանում գտնվող նրա տուն-թանգարանին։ Իսկ անկախացումից հետո՝ 1994 թվականին, բանաստեղծի սիրտը այն ժամանակվա կառավարության որոշմամբ թաղվում է Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղ գյուղում գտնվող նրա տուն-թանգարանի բակում։ Այնտեղ այս առիթով նաև հատուկ հուշարձան է կառուցվում։

Այսօր Դսեղում ևս հիշատակի արարողություններ և մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումներ տեղի կունենան, բայց հիմնական արարողություններն այսօր և վաղը անցկացվելու են Թբիլիսիիում, որտեղ հանգչում է Թումանյանի աճյունը։

«Ծրագիրը նախատեսված է երկօրյա ակցենտավորում հենց Թբիլիսիում անցկացնելու՝ «Թումանյանը և Թիֆլիսը» խորագրի ներքո։ Գնալու և ներկայացնելու էն Մեծ Մարդուն, որ ազգերի կամրջողն է մշակութային իր զենքով, և իր հայացքով նորից ներկայացնելու, թե ինչպիսին է եղել էն Թիֆլիսը, որտեղ որ ինքը տասնչորս տարեկանում հայտնվեց առաջին անգամ և փաստորեն իր կյանքի ամբողջ ուղին անցկացրեց այնտեղ։ Խոջիվանքի գերեզմանատանը հոգեհանգստի կարգի արարողությունից մինչև Վրաստանի գրականության թանգարանում մեր համագործակցության շնորհիվ բացառիկ ցուցահանդեսի բացում երևանյան թանգարանից քսանվեց անուն եզակի ցուցանմուշներ կտեղափոխվեն այնտեղ, և շուրջ մեկ ամիս մենք կունենանք բացառիկ մի ցուցադրություն։ Որովհետև սա առաջին ակցենտն է այն օրից ի վեր, երբ ու Թբիլիսիից այդ ամբողջ ժառանգությունը տեղափոխվեց Հայաստան։ Փաստորեն դա 1953 թվականն էր, յոթանասուն տարի հետո մենք այդ առարկաները ժամանակավորապես նորից տեղափոխում ենք Թիֆլիս... Պահպանվել է Թումանյանի տասներորդ բնակարանի հասցեն, որը այսօր գործող կենտրոն է՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, որը գործում է Վիրահայոց թեմի հովանու ներքո։ Ակտիվ համագործակցության մեջ ենք, չկա այդպիսի տարի, որ չունենանք համատեղ ծրագրեր, և սովորաբար տարվա խորհուրդը երևանյան թանգարանի ծրագրերի քննարկվում և պարբերաբար որոշ կերպով ակցենտավորվում է նաև Թբիլիսիում և Դսեղում», - «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ։

Աշխարհում թերևս չի կարող գտնվել մի հայ մարդ, որին անծանոթ լինի Թումանյանի անունը։ Նա իսկապես համազգային և համաժողովրդական մեծ գրող է, որի ողջ ստեղծագործական ժառանգությունն անփոփում է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և փիլիսոփայությունը՝ շաղախված իր անսահման կենսասիրությամբ։

Հարցին, թե որն էր Ամենայն հայոց բանաստեղծի կենսասիրության աղբյուրը, չնայած այն մեծ ողբերգությանը, որ նա տեսավ իր կյանքում՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը 1915-1923 թվականներին, իր Արտավազդ որդու մահը1918 թվականին պատերազմի դաշտում, հազարավոր հայկական որբերին Էջմիածնում և այլն, Անի Եղիազարյանն արձագանքեց. - «Երևի թե էդ կենսասիրության սկիզբը անանձնական սերն էր ու դրա գիտակցումը, որ իրեն տրվել էր ի վերուստ։ Եվ բացում անգամներ մենք Թումանյանի մի ընդհանուր մտքի ենք հարում, որ ինքն ասում է՝ ես ոչինչ չեմ անում, քան այն, ինչ տրվել է ինձ, ես վերադարձնում եմ ինձ տրվածը։ Եվ էդ մեծ գիտակցումի ապրումն էր, որ ուներ Թումանյանը՝ խտացված իր մեջ։ Եվ որովհետև իրեն տրված էր խտացվածությունը հղկելու և գոհարի պես նորից վերադարձնելու իր ազգին, ինքը տրվեց դրան անանձնական սիրով և բարձր գիտակցումով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG