Մատչելիության հղումներ

Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր


Երկու օր առաջ Սյունիքի Սև լճի տարածքում մոլորված պայմանագրային Մարտիրոս Գյուլամբարյանը Զինված ուժերի ու Ազգային անվտանգության ծառայության ջանքերով է դուրս բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից, որտեղ հայտնվել էր մառախուղի պատճառով, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերի աջակցությամբ, Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ և հենց մեր զինծառայողի արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ընդունակությունների հաշվին զինծառայողը դուրս է բերվել այդ տարածքից», - ասաց Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորը հաստատեց մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում։

Գորիսի բժշկական կենտրոնից երեկ հայտնել էին՝ ազգությամբ ռուս երկու զինծառայող են ընդունել, սակայն չէին նշել, թե ինչի հետևանքով են վիրավորվել նրանք։

«Ըստ իմ ստացած տեղեկությունների՝ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, նրանք իրենց «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով, ռուսական դրոշով մտել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք որպեսզի մեր ծառայողին գտնեն և հետ վերադարձնեն, սակայն նրանց վրա, կարելի է ասել, դիմահար կրակ է բացվել», - ասաց Արմեն Խաչատրյանը։

Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից՝ 2021 թվականի մայիսից հետո, Սև լճի տարածքում առնվազն 4 զինվոր է մոլորվել ու գերեվարվել, նրանք, սակայն, ավելի ուշ վերադարձվել են հայկական կողմին։

«ՀՀ սուվերեն տարածքի սահմանները գտնվում են, մեղմ ասած, խոցելի վիճակում»

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս հանգամանքը մտահոգիչ է համարում։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանը խոցելի է, ու չնայած իշխանականների հավաստիացումներին՝ կահավորման խնդիրներ կան տեղում։

«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի սահմանները գտնվում են, մեղմ ասած, խոցելի վիճակում, կա կահավորանք, չկա ընդգծում, թե որ հատվածն է սահման, որ հատվածից է սկսում թշնամին», - ասաց Թովմասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի համար կասկածելի են զինծառայողների մոլորվելու մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։ Թովմասյանն ասում է՝ ինչպե՞ս է ստացվում տարածքին ծանոթ զինվորականը մոլորվում ու անգամ գերեվարվում է։

«Ինչքան էլ Պաշտպանության նախարարությունն ասում է, որ մոլորվել է, դա իրենց ամենօրյա ծառայությունն է, չի կարող անծանոթ մարդն ուղղակի գնալ ու մոլորվել, հետևաբար ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ իրավիճակ է եղել, անհասկանելի է, թե ինչու է Հայաստանի սահմանն այդքան բարձիթողի վիճակում, որ հնարավոր չէ անգամ զինվորականների համար տարբերակել», - ասաց Թագուհի Թովմասյանը։

Իշխանական պատգամավորը հակադարձում է՝ պնդելով՝ այս և նախորդ դեպքերը սահմանի կահավորման հետ կապ չունեն և բացառապես վատ եղանակի հետևանք են։

Նախօրեին էլ, երբ 40-ամյա պայմանագրայինը մոլորվել էր, Սև լճում տեսանելությունը գրեթե զրո է եղել, վստահեցնում է Արմեն Խաչատրյանը։

«Բարձր լեռնային պայմաններում ցանկացած եղանակային պայմաններ կարող են լինել, և այստեղ ցանկացած իրավիճակներ կարող են առաջանալ, նաև կարող են մարտական առաջադրանքներ լինեն չնախատեսված և որևէ արտակարգ իրավիճակներից խուսափելու երաշխիքներ որևէ մեկը չի կարող տալ», - ասաց պատգամավորը։

Անցած շաբաթասկզբին Հայաստանի վարչապետն անդրադարձել էր առաջնագծի կահավորմանը, ընդունել՝ այդ առումով կան խնդիրներ, միաժամանակ պնդել՝ դրանք ֆինանսական չեն, այլ՝ կազմակերպչական ու ինժեներական։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG