Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը


Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է, որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվականին։ Հայաստանում այս օրը սկսեցին նշել 2010 թվականից գրադարաններում, թանգարաններում, մշակութային հաստատություններում, բուհերում ու դպրոցներում, բայց նախևառաջ Գրողների միությունում։ Տարիներ են եղել, երբ այս օրը մեր բանաստեղծներն իրենց ստեղծագործություններն են ընթերցել կամ արտասանել պուրակներում կամ փոքրիկ հրապարակներում։

«Շնորհավորում եմ Պոեզիայի միջազգային օրվա առթիվ բանաստեղծներին, ընթերցողներին։ Ուզում եմ, որ ավելի գեղեցիկ, վեհ էջեր ստեղծեն մեզ համար։ Այս օրը ես կհամարեմ նաև բանաստեղծների համերաշխության օր։ Նաև տրամադրությունս լավանում ա, որ մեզ հիշում են, մենք ենք հիշում, մարդահաշիվ ենք, ըստ ՄԱԿ-ի և մնացած կազմակերպությունների», - «Ազատությանն» ասաց բանաստեղծ Շանթ Մկրտչյանը։

Հարցին, թե ինչ դեր ունի բանաստեղծը հանրության կյանքում, Մկրտչյանն արձագանքեց. - «Ես չգիտեմ ինչ դեր ա կատարում բանաստեղծը, բայց որ լեզվի կրողն ա ամենաբարձրագույն իմաստով, այ դա ընդունիր»։

Բանաստեղծուհի, ֆրանսիական գրականության և գրականագիտության անվանի մասնագետ Շուշան Թամրազյանի համոզմամբ, այս օրն իրոք տոն է. «Տոն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են խոսքով և ամեն վայրկյան, իրենց կյանքի յուրաքանչյուր ժամին գիտակցում են պոեզիայի ապրեցնող, չեմ ուզում ավելի բարձր բառեր ասել, հատկությունը։ Էն, որ ոչ թե պոեզիան արտացոլում է էն, ինչ կատարվում է մեր շուրջը, լուսաբանում է, պարզաբանում է, այլ պարզապես կյանքին առընթեր ստեղծում է կենսական այն թաղանթը, որը նորից ապաքինում է վնասված կյանքը։ Առանց դրա կյանքը, իմ կարծիքով, անհնարին է։ Ասում եմ իմ կարծիքով, որովհետև ես դա ապրել եմ որպես ներքին, ինտիմ մի բան մանկությունից ի վեր։ Առանց խոսքի կյանքն անհնարին է։ Ուղղակի խոսքը մեծատառով, էն Խոսքը, որ նախորդել է մեզ, որ շարունակվելու է մեզնից հետո, որ ընդունում է մեզ, որպես իր զրնգուն արձագանքներից մեկը՝ եթե մենք նրան չենք դավաճանում, հավատարիմ ենք մնում նրա զրնգուն հնչյուններին»։

Այսօր Գրողների միությունում ավանդաբար համախմբվել էին միության անդամները՝ մասնակցելու միության Ասմունքի թատրոնի կողմից ներկայացվող ուշագրավ մի հանդիսության, որտեղ ներկայացվեցին մեր ժամանակակից բանաստեղծուհիների ստեղծագործությունները։ Բայց մինչ այդ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բոլորին հրավիրեց միության ճեմասրահները, որտեղ առաջին անգամ առանձին մեծ լուսանկարներով ներկայացված են մեր ժամանակակից լավագույն հեղինակները, ովքեր գրական լուրջ ժառանգություն են թողել և ովքեր այս կամ այն տարիներին արժանացել են գրական բարձր մրցանակների՝ ՀՀ պետական կամ ՀՀ նախագահի մրցանակների, և ավաղ, այսօր արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին՝ Լևոն Խեչոյանը, Հրաչյա Թամրազյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արմեն Շեկոյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Հովհաննեսը, Ղուկաս Սիրունյանը և ուրիշներ։

«Դա պատմություն է նաև։ Եթե մենք չենք հարգում այդ պատմությունը, մեզ էլ ապագան չի հարգելու։ Էնպես որ, այս անունները իրենց գրականությամբ, իրենց ստեղծագործական նաև այլ հաջողություններով, տխրություններով Գրողների միության անունն են բարձրացրել։ Այդ անունը հենց նրանցով է, որ անուն է», - ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ - «Պոեզիան է խորհրդանիշը, պոեզիան դարերով, նախնադարից, ավելի սկզբից երգերի ձևով է եկել է, էն ժամանակ չեն էլ կարողացել դեռ վերաձել գաղափարագրի կամ սեպագրի, բայց երգը եղել է։ Ծննդյան օրվանից երգը մարդկանց ուղեկցում է։ Պոեզիան, եթե երեխան ծնվում է, ճիչն է, եթե ապրում է՝ իր զգացմունքներն են, ապրումներն են։ Պոեզիան միշտ կա և պիտի նրա տեղը իմանալ։ Լորկան ամենաճիշտ բնութագրերից մեկն է տվել՝ ամենուրեք պոեզիա է, մարդը պիտի տեսնի դա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG