Մատչելիության հղումներ

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատն արգելել է ուսանողներին բեմում ներկայացնել կուրսային աշխատանքը


«Որբանոցը» ներկայացման աֆիշը
«Որբանոցը» ներկայացման աֆիշը

«Միջնադար ենք հիմա». Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը այսպես է նկարագրում այն, ինչ այսօր տեղի է ունենում մի բուհում, որտեղ ավելի քան 50 տարի աշխատում է։ Կուրսային աշխատանքը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոցը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը, ռեկտորատն արգելել է խաղալ՝ պատճառաբանելով, թե բեմում անպարկեշտ բառ է հնչում։

«Ներկայացման ընթացքում հնչել է բ** արտահայտությունը, որը աղմուկ բարձրացրեց։ Բայց ես ուզում եմ շեշտել, որ ուսանողական թատրոնի բեմում եղել են մի շարք ներկայացումներ, որտեղ հնչել են էդ արտահայտությունները։ Եղել նաև, օրինակ, բաց տեսարաններ, խմբակային սեքսի տեսարան։ Բայց ես որևիցե բան չունեմ դրա դեմ ու չեմ կարծում, որ արվեստի բնագավառում ստեղծագործող ինչ-որ մեկը ունենա ինչ-որ խնդիր էդ ամեն ինչի դեմ», - ասում է ներկայացմանը մասնակցող ուսանող Ավետ Կալամդարյանը։

Ներկայացման մեջ այդ բառը տասը տարեկան երեխան է արտաբերում, ենթադրում են, այդ պատճառով է ղեկավարությունը վրդովված։ Կալամդարյանի պնդմամբ, իրենք, այնուամենայնիվ, հանել են այդ բառը ներկայացումից։ Բայց սա էլ կրքերը չի հանդարտեցրել։ Հանդիսատեսը ներկայացումը չի դիտի։

Ուսանողները տարակուսած են՝ եթե ոչ այս բուհում, ապա որտեղ պետք է խաղան մինչև մեծ բեմ հասնելը. - «Արտադրական պրակտիկան փաստորեն բացակայում ա էս ինստիտուտում»։

Այսօր հենց այդ պատճառով Ծատուրյանի կուրսի ուսանողները դասադուլ էին հայտարարել, այս ամենի տակ հստակ գրաքննություն են տեսնում։

«Կարծում եմ, որ հետ ենք վերադառնում ստալինյան կարգերին», - վրդովվում է Կալամդարյանը։

Նիկոլայ Ծատուրյան
Նիկոլայ Ծատուրյան

«Շարունակվում ա Սովետը, Ոովետի կարգավիճակը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա մենք կմնանք էս ճահիճում», - ասում է կուրսի ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը։

Իշխանության հասցեին իր կոշտ գնահատականներով հայտնի ռեժիսորին այս ամենն աբսուրդի թատրոն է հիշեցնում. - «Ամբողջ աբսուրդը (մեր ռեկտորը շատ ա սիրում Իոնեսկո և աբսուրդ գործեր) աբսուրդն էն է, որ ամբողջ հանձնաժողովը չի նայել, բայց նստած քննարկում են։ Չնայած ներկայացման մասին ասում է հետևյալը՝ ես այդ զզվելի ներկայացումը չեմ ուզում նայեմ»։

Լիլիթ Արզումանյան
Լիլիթ Արզումանյան

«Ես չեմ նայել և ուրախ եմ, անկեղծ ասած», - ասաց ռեկտոր Լիլիթ Արզումանյանը՝ նշելով, որ չի նայել, որ իր սուբյեկտիվ կարծիքը չհայտնի. - «Ինձ զանգ են տվել նաև մեր դասախոսներից, որ էս ինչ խայտառակություն է։ Երկու օր հետո ես հրավիրել եմ ռեկտորատի նիստ, որտեղ մասնակցել են ռեկտորատի անդամները և բոլոր կուրսի ղեկավարները։ Հարցը դրվել է հետևյալ կերպ. կրթական հաստատությունում, ուսումնական թատրոնի բեմում չպետք է հնչեն հայհոյանքներ։ Ներկայացումը լավն էր թե վատն էր՝ ես չեմ ասում, չգիտեմ։ Ոչ մեկը դրան չի անդրադարձել»։

Ներկայացման հիմքում 2013-ին հրատարակված ստեղծագործությունը մի քանի համակուրսեցիների մասին է, որոնց ընդհանուր մի բան է կապում` որբանոցը, որն էլ, ըստ հեղինակի, մեր երկիրն է՝ իր որբ բնակիչներով։ Բաց տեքստով խոսում են արտագաղթի, կաշառակերության, բանակում ծեծուջարդի, սպանությունների մասին։ Գուցե քաղաքական ենթատե՞քստն է խնդիրը։

«Քաղաքական ենթատեքստը ինձ չի հետաքրքրում», - ասում է ռեկտորը։

Դիմելով կուրսերի ղեկավարներին՝ նա ասաց. - «Դուք կայացած ռեժիսորներ եք։ Գնացեք ամեն մեկդ ձեր թատրոն, ինչ ուզում եք արեք»։

Նիկոլայ Ծատուրյանը հարցնում է՝ այդ դեպքում ինչի՞ համար է ընդհանրապես թատերական ինտիտուտը. - «Իրանք ուզում են, որպեսզի լինի շատ վարդագույն կյանք, վարդագույն ներկայացում...»

Կուրսային աշխատանքի աղմուկը հասել է Կրթության նախարարություն։ Ռեկտորը փակ դիտում կհրավիրի, մինչդեռ ուսանողներն ու կուրսի ղեկավարը հանդիսատես են պահանջում։ Սակայն ռեկտորը միայն լրագրողների առջև է պատրաստ բացել դռները։ Թատերականի ուսանողները պնդում են՝ ստեղծագործությունից չեն հրաժարվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG