Մատչելիության հղումներ

«Բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք». հանդիպել են Հայաստանի վարչապետն ու նախագահը


«Բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Խաչատրյանն իր հերթին ընդգծել է. «Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած ենք: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, Կառավարության Ձեր ելույթի ժամանակ»:

«Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Հուսով եմ՝ սա շարունակվելու է, և դրանում նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրների կանդրադառնանք՝ լավ կամ վատ», - նշել է նախագահը:

Անդրադառնալով Կառավարության 2021-2026 թվականի ծրագրերին, Վահագն Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ պետք է մի փոքր ավելի հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել. - «Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում են, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորելով հանրության հետ շարունակ հաղորդակցության մեջ լինելը՝ նշել է. «Ըստ էության, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք»:

«Պիտի նաև նշեմ՝ ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է: Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք: Անկախ ամեն ինչից՝ հանրության հետ հաղորդակցությունն ամենակարևորն է, որովհետև դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից», - նշել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքին, վարչապետն ընդգծել է, որ Սահմանադրության համաձայն՝ մինչև մարտի 1-ը Ազգային ժողով են ներկայացրել ծրագրի իրականացման զեկույցը, թե ինչպես է իրականանում ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացել է, այսինքն՝ 125 տոկոսով աճ՝ 2017 թվականի համեմատ:

«Հաջորդ վիճակագրական տվյալը, որն ինձ համար կրկին շատ կարևոր է, հետևյալն է. 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել», - ներկայացրել է կառավարության ղեկավարը:

Արձագանքելով Վահագն Խաչատրյանն ասել է. «Անպայման: Ես մեկ թիվ ասեմ: Որպես մասնագետ միշտ եմ նայել, դա ամենամեծ ձեռքբերումն է իմ տեսակետից: Խոսքը գործազրկության խնդրի մասին է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Հիմա դարձել է 11,5 տոկոս»:

Եզրափակելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG