Մատչելիության հղումներ

«Չարենցի նման բանաստեղծների վերջն անվերջությունն է, անսահմանությունը». ՀԳՄ նախագահ


Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, և, ինչպես յուրաքանչյուր տարի այս օրը, կեսօրին Գրողների միության և Չարենցի տուն-թանգարնի նախաձեռնությամբ Չարենցի արվեստի երկրպագուներ, գրողներ, գրականագետներ, դպրոցականներ հավաքվել էին Չարենցի հուշահամալիրի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ բանաստեղծի հիշատակին։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն հանդիսությունից առաջ «Ազատությանն» ասաց. - «Չարենցի տուն-թանգարանը, Գրողների միություն համատեղ կազմակերպում ենք Չարենցի ծննդյան օրվա արարողություն։ Եվ հիմա հատկապես պիտի ավելի գեղեցիկ, ավելի սիրուն, հիշատակելի արվի, որովհետև այսօր փաստորեն անցյալ տարվա՝ 125-ամյակի, կարծես թե եզրափակումն է։ Բայց ի՞նչ եզրափակում. Չարենցի նման բանաստեղծներին, մեծ գրողների չկա վերջ, անվերջությունն է նրանց վերջը, անսահմանությունը։ Գեղեցիկ հանդիսություն կլինի, եկել են աշակերտները. ամենակարևորը նրանք են, որ հիշում են, որ կարդում են, որ պիտի կարդան և տարածեն իրենց զավակների մեջ։ Սա եզրափակիչ ակորդը կլինի 125-ամյակի և... դեպի հավերժություն»։

«Ազատության» խնդրանքով բնորոշելով Չարենցի դերը ժամանակակից հանրության համար՝ Միլիտոնյանն ասաց. - «Մեր հանրությունը մի հատ պիտի գիտակցի, թե ինչ բան է գրականությունը ի'ր համար։ Դա և' պետական, և' հանրային հարթարկների համար եմ ասում։ Եվ հետո, առանձին գրողների դերը։ Չարենցը ինքը և' իր պոեզիայով, և' արձակով աննման՝ «Երկիր Նաիրի» վեպով, «Ուրիշ տնից» գործով նաև, և' իր հոդվածներով, և' թարգմանություններով... այսինքն՝ նա մի հսկա գործ է արել, որը պիտի շարունակվի գիտակցվել, գիտակցվել և այլն, և այլն»։

Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց. - «Այսօր Չարենցի տուն-թանգարանը կամփոփի հոբելյանական տարին՝ 125-ամյակը և արդեն մուտք կգործենք 126-ամյակ։ Չարենցի տուն-թանգարանում երեկոյան ժամը 6-ին կլինի ցուցադրությունների բացում՝ «Նվեր հոբելյանին. Չարենց 125» խորագրով, և «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրություն։ Մի ցուցադրությունում ներկայացվելու են այն աշխատանքները, որոնք նվիրատվություն են արվել թանգարանին, մյուսը՝ արդեն ավելի նորարար, որը մենք նախատեսել էինք, պիտի արդիանացված ցուցադրական այդ հատվածը բացվի հենց հոբելյանի ավարտին»։

Անդրադառնալով Չարենցի ստեղծագործական ժառանգության ակադեմիական հրատարակությանը՝ Մանուկյանն ասաց. - «Արդեն հուշադիրը կնքվել է երեք հաստատությունների միջև՝ Գրականության ինստիտուտի, Չարենցի տուն-թանգարանի և «Անտարես» հրատարակչության։ Առաջին հատորի աշխատանքները արդեն ավարտված են, ներկայում կոլեգիալ ընդհանուր նիստը պիտի վերջնական նայի, որից հետո, հուսով եմ, առաջիկա երկու ամսվա ընթացքում կունենանք այդ գիրքը՝ հրատարակված, կլինի շնորհանդեսը, և արդեն ընթերցողների սեղանին կլինի։ Ու կշարունակվեն արդեն երկրորդ, երրորդ հատորի աշխատանքները»։

Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցն էլ հավելում է. - «Իհարկե, Չարենցը առաջին հերթին պապիկս է, իմ արյունն է։ Բայց նա, չմոռանանք, հայ ժողովրդի հանճարեղ զավակն է։ Անցյալ տարի մեծ, շատ մեծ արձագանք եղավ և այնքան շատ միջոցառումներ... ուղղակի ժողովուրդը նրա կողքին կանգնեց, ինչպես որ միշտ ինքն էր եղել ժողովրդի կողքին։ Եվ այս տարի շարունակվում է այդ ամենը, և ես շատ ուրախ եմ և իսկապես հպարտ եմ, որ ժողովուրդը այսպես ընդունեց Չարենցին։ Չնայած Չարենցը իր կյանքի վերջին օրերին, կարող ենք ասել, մենակ էր, նրան ոչ ոք չէր այցելում, բայց այսօր նրա կողքին է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ այդպես էլ պիտի լինի դարերով, ինչպես որ ինքն է ասել՝ ինքը եկել է դարերից և գնում է դեպի դարերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG