Մատչելիության հղումներ

Այս տարվանից մեր բոլոր ծրագրերը միտված են հանրահռչակելու Քոչարի 125-ամյակը, որը նշվելու է 2024-ին. Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն


Մեր մեծագույն արվեստագետներից Երվանդ Քոչարի թանգարանը մայրաքաղաքի լավագույն մշակութային կենտրոններից մեկն է, որը պարբերաբար հանդես է գալիս նորանոր ցուցադրություններով և կրթամշակութային ծրագրերով։

Ինչպես շեշտում է թանգարանի տնօրեն, Քոչարի թոռնուհի Կարինե Քոչարը, այս տարի ևս մի շարք ուշագրավ նախաձեռնություններ ունեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Առաջիկայում մի շատ հետաքրքիր նախագիծ կներկայացրեն Հրազդան քաղաքում. - «Մյուս տարի Քոչարի 125-ամյակն է նշվելու։ Այս տարվանից մեր բոլոր ծրագրերը միտված են ինչ-որ չափով հանրահռչակելու այդ իրադարձությունը։ Նախատեսում ենք մարտի 27-ին Հրազդան քաղաքում, որտեղ մի համագործակցային շատ հետաքրքիր ծրագիր ունենք Հրազդանի համար 12 դպրոցի հետ, ներկայացնելու ենք «Հայ դյուզազնավեպի քոչարյան պատկերագիրը» ցուցադրությունը, որը նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսին։ Ներկայացվելու է շատ յուրահատուկ ֆորմատով՝ անիմացիաներով, ամեն ինչ լինելու է շատ անսովոր, ոչ սովորական ցուցադրության նման։ Տևելու է ընդամենը մեկ շաբաթ, էնպես որ, եթե հետաքրքվողներ կլինեն, մարտի 27-ից հրավիրում ենք մինչև ապրիլի 2-ը»։

Կարինե Քոչարի համոզմամբ, շատ կարևոր է մարզերի արվեստասեր հանրությանը ևս ներկայացնել մեր մեծերին, անմասն չթողնել նրանց մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացներից. - «Թանգարանը մշտապես, ամեն տարի գնում է մարզեր, սահմանամերձ շրջաններ, որտեղ ներկայացվում է Քոչարի արվեստը, կյանքի և ստեղծագործական ընթացքները։ Բայց դրանք իրականացվում են դպրոցներում և մշակութային տներում՝ էլի ներգրավելով աշակերտությանը։ Բայց սա մի քիչ ավելի գլոբալ ծրագիր է և ավելի հետաքրքիր։ Հետո Հրազդանում է գտնվում նաև Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը։ Այնպես որ, Հրազդանը մեզ մի քիչ ավելի հոգեհարազատ թվաց այս տարի։ Բացի դրանից, կաշխատի և' որպես կրթական ծրագիր, և' որպես ցուցահանդես, շատ նորարարական ցուցահանդես արդեն մարզում և կընդգրկի մարզային տարբեր դպրոցների աշակերտներին։ Քոչարյան պատգամները, որոնք միտված են ազգային արժեքները վերագնահատելուն, պահպանելուն և արմատավորելուն, և քոչարյան նկարազարդումների յուրաքանչյուր էջ ունի իր պատգամը, և դրանք արդեն կտարածվեն երիտասարդ սերնդի շրջանում»։

Տարվա ընթացքում Երվանդ Քոչարի թանգարանը հանդես կգա նաև այլ ուշագրավ ծրագրերով, այդ թվում՝ անիմացիոն. - «Մենք շահել ենք Մշակույթի նախարարության կողմից տրամադրվող մի դրամաշնորհ և իրականացնելու ենք «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների արդեն անիմացիոն ծրագիրը, որը էլի նորովի ներկայացնելու է էպոսը՝ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով, ժամանակակից մեթոդներով, մոտեցումներով։ Անգլերեն և հայերեն լեզուներով կլինի։ Բայց սա չի լինելու ինչ-որ մուլտային ծրագիր, սա լինելու է շատ ավելի լուրջ անիմացիա»։

Վերջին մեկ տարվա ընթացքում բոլորիս քաջ հայտնի պատճառներով մեծացել է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած մարդկանց թիվը, և ի պատասխան հարցիս, թե արդյոք նրանց շնորհիվ չի մեծացել նաև թանգարանի այցելուների թիվը, Կարինե Քոչարն ասաց. - «Շատ նկատելիորեն ավելացել է այցելությունը։ Ինչ-որ տեղ դա ուրախալի է, և ինչ-որ տեղ մի քիչ էլ տխուր, որ մեր քաղաքացիներն այդքան չեն արժեվորում մեր ազգային մշակույթը և արժեքները։ Բայց, անխոս, չափազանց մեծ է արտասահմանցիների հոսքը։ Շատ ակտուալ է դարձել Քոչարի «Պատերազմի արհավիրքը» ստեղծագործությունը, որը մի անասելի ներգործություն ունի այդ հյուրերի վրա։ Որտեղ ներկայացվում է հենց պատերազմի անիմաստության, պատերազմի ընթացքում այն գաղափարը, որ չկան հաղթողներ կամ պարտվողներ պատերազմներում, բոլոր մասնակիցները զոհեր են, դա ահռելի ողբերգություն է։ Իսկ ըստ Քոչարի նկարի, պարզ չի դառնում դա անցա՞ծ պատերազմին է վերաբերում, թե՞ սպասվելիք։ Ընդհանրապես քոչարյան ստեղծագործություններից ամեն մեկն ունի իր յուրահատուկ պատգամը, հիմնականում կա նաև մի ուղղվածություն, որ հիմա շատ ակտուալ է դարձել, դա հոգևոր կոմպոնենտի պահպանումն է մարդու կյանքում։ Որովհետև առանց դրա, մեր կյանքը դառնում է շատ մեխանիկական, շատ անիմաստ, և մարդը դառնում է շատ տխուր և միայնակ։ Նաև անում ենք շատ նորարարական մոտեցումներով միջոցառումներ. վերջերս արհեստական բանականության միջոցով նկարվեց Քոչարի ինքնադիմանկարը թանգարանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG