Մատչելիության հղումներ

Կառավարությունը համագործակցում է «Ամազոն վեբ սերվիսի» հետ. կկառուցվի տվյալների կենտրոն ՀՀ-ում, թե ոչ՝ հայտնի չէ


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օրերս հուշագիր է ստորագրել «Ամազոն վեբ սերվիս ընկերության» հետ, որն ամերիկյան հայտնի «Ամազոնի» ամպային ծառայություններ մատուցող դուստր ընկերությունն է։

«Ինքը փաստացի սերվերների հատուկ կանֆիգուրացիա է, որ մարդիկ կարող են տարբեր՝ ավելի ճկուն, ավելի հեշտ տարբերակներով օգտագործել սերվերներն առանց դրվելու սեփական կառուցվածքների մեջ՝ սեփական սարքավորման, սեփական տեխնիկական անձնակազմի օգնությամբ», - տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը։

Կառավարությունը գործարքի մանրամասները չի բացահայտում։ Սակայն, հայտնի է, որ Հայաստանն արդեն օգտվում է ընկերության ամպային ծառայություններից։ Նախարարությունից ասում են՝ հուշագիրը համագործակցության միայն սկիզբն է, կառավարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կանոնակարգի՝ որտեղ և ինչպես են պահեստավորվելու պետության տրամադրության տակ եղած տվյալներն ու տեղեկությունները, կամ՝ ով և ինչպես է վերահսկելու այդ ոլորտը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետն ասում է՝ այս ուղղությամբ հսկայական անելիքներ կան. «Անձնական ինֆորմացիայի արտահոսքերը շատ են, դրանից բխող հանցագործությունները շատ են, և որպեսզի սեփական քաղաքացիներին պաշտպանեն, պետությունները հաճախ պարտադրում են, որ օրինակ՝ բանկերն այսինչ ստանդարտներին համապատասխանեն, տեղեկությունները պահեն ներսում, պարբերաբար աուդիան անցնեն, անվտանգության ստուգումներ անցնեն և այլն։ Դա ընդունված պրակտիկա է»։

Այս պահին հայտնի է, որ Հայաստանում քիչ թե շատ կարգավորված է՝ ինչպես են պահվում բանկային ու ֆինանսական ոլորտի տվյալները․ գործընթացը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, մյուս հաստատությունների դեպքում դրանց դասակարգման, պահեստավորման ու պահպանման չափանիշները դեռ մշակված չեն։ Այս հարցում Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է համագործակցել AWS-ի հետ։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը ձգտում է, որ ընկերությունը տվյալների կենտրոն կառուցի Հայաստանում։

«Եթե այդ դատակենտրոնը կառուցվի Հայաստանում, և Հայաստանում գտնվող սերվերները սպասարկեն տարածաշրջանի երկրները, այսինքն՝ Հայաստանից Ռուսաստանը, Պարսկաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, դա բավականին ուշագրավ է, հետաքրքիր է, տնտեսապես հետաքրքիր է, մեզ տեխնոլոգիապես այլ մակարդակի վրա կդնի քարտեզում և այլ տարբերակներ բոնուսներ, ընդ որում գուցե նաև մի փոքր անվտանգային բաղադրիչը ավելացնեն, եթե խոշոր կենտրոնը գտնվում է Հայաստանում»։

ՏՏ փորձագետի խոսքով՝ թե՛ տեղեկատվական ոլորտի, թե՛ տնտեսության համար դրական կլինի, եթե AWS-ը տվյալների կենտրոն կառուցի Հայաստանում, այսինքն՝ ամպերի վրա գտնվող տվյալները ֆիզիկապես ևս տեղակայվեն Հայաստանում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չհաջողվի, Չալաբյանի խոսքով՝ դա չի նշանակում, թե կառավարությունը չի կարող օգտվել որևէ ընկերության, այս դեպքում «Ամազոնի» ամպային ծառայություններից, պարզապես պետք է օրենքով հստակ սահմանված լինի՝ ինչ տեսակի տեղեկություն կարելի է պահել Հայաստանից դուրս գտնվող սերվերներում։

«Անհրաժեշտություն կլինի՝ հասկանալու՝ ինչ ձևի դասակարգել ինֆորմացիան, օրինակ՝ եթե հրապարակային ռեսուրսներն են, օրենքներն են, որոշումներն են, Հայաստանի հուշարձանների մասին կայքն է, դա կարող է հանգիստ գտնվել այլ երկրում, և այնտեղ ռիսկերը նվազագույնի են, գուցե նաև որոշակի առումով ռիսկերը պակասում են, եթե Հայաստանում սերվերը, կապուղին վնասվի, այդ հանրային ինֆորմացիան կմնա այնտեղ։ Եթե խոսքը ոչ հրապարակային ինֆորմացիայի մասին է, այնտեղ պատկերը լրիվ այլ է», - նշեց նա։

Կկառուցի, թե ոչ AWS-ը Հայաստանում տվյալների կենտրոն, հաղորդագրությունում նշված չէ, բայց ասում են՝ «իրականացնելու են նաև կրթական մի շարք նախաձեռնություններ»։ Ալեքսեյ Չալաբյանի խոսքով՝ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են վերապատրաստվել ու սպասարկել «Ամազոնի» նման խոշոր ընկերության սերվերները, եթե ընկերությունը որոշի գնալ այդ քայլին։

XS
SM
MD
LG