Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ կանոնները խախտելու հատկանիշով (Քրեական օրենսգրքի 342-րդ հոդված)։
Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ, նախնական տվյալներով, երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և BMW մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
«Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 14 քաղաքացի, նրանք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ․ մեկը հետազոտվել և դուրս է գրվել, ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը՝ միջին ծանրության, 1-ը` բավարար: