Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական կամերային նվագախոււմբը գալա-համերգով կնշի հիմնադրման 60-ամյա հոբելյանը


Վաղը ՝ մարտի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք գալա-համերգով Հայաստանի պետական կամերային նվագախոււմբը կնշի նվագախմբի հիմնադրման 60-ամյա հոբելյանը։

Տոնական համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Երևանի պետական կամերային երգխախումբը՝ Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Վահան Մարտիրոսյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 1962 թվականին անվանի ջութակահար Զարեհ Սահակյանցի կողմից։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարներն են եղել հետագայում այլ անվանի երաժիշտներ՝ Ռուբեն Ահարոնյանը, Արամ Ղարաբեկյանը և ներկայիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։

«Ազատության» հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը, խոսելով նվագախմբի անցած ուղու և մեր երաժշտական աշխարհում ունեցած դերի մասին, ասաց. - «Մեր վաթսունամյա պատմությունն ենք նշում։ Պետք է նորից վերհիշենք մեր բոլոր գեղարվեստական ղեկավարներին, կատարենք այն ստեղծագործությունները, որ մեր սրտին ավելի մոտ են։ Եվ իհարկե, ունկնդրի համար հետաքրքիր լինի»։

Հարցին, թե որն է եղել նվագախմբի առաքելությունը անցած վաթսուն տարիների ընթացքում, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Այն, որ նա դեռ գոյություն ունի։ Տարբեր նվագախմբեր աշխարհում արդեն վերացել են, իսկ մենք դեռ կանք։ Դա է ամենակարևորը։ Կարող ենք դեռ շարունակել նվագել, ելույթ ունենալ, աշխատել»։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը հավելում է. - «Նվագախմբի վաթսունամյակն ենք տոնում։ 2022 թվականին բոլոր համերգները մեզ մոտ հոբելյանական էին։ Պլանավորված էր տարեվերջին անել գալա-համերգ, ուղղակի սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված, ստիպված եղանք մի փոքր տեղաշարժ կատարել և տեղափոխել համերգը 2023 թվական։ Ֆորմատը պահպանել ենք նույնը, նույն մենակատարներն են մասնակցում։ Շատ գեղեցիկ ծրագիր ենք ընտրել, որտեղ ներառված են հայ կոմպոզիտորները, ներառված է նաև Բեթհովենի Խորալ ֆանտազիան, որը լինելու է համերգի եզրափակիչ հատվածում, որպես փակող հատված։ Որպես մենակատար հանդես կգա Սվետլանա Նավասարդյանը։ Վերջին ստեղծագործության դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը»։

Գնահատելով նվագախմբի անցած ճանապարհը՝ Բաբուրյանն ասաց. - «Վաթսուն տարի, մեծ պատմություն, մեծ թողած հետք։ Որովհետև աշխատել են մեծ անուններ նվագախմբի հետ, որպես գեղարվեստական ղեկավար և որպես դիրիժորներ։ Նշանակալին այն է, որ Կամերային նվագախումբը այս բոլոր տարիներին պահպանում է իր առաքելությունը և ավանդույթները և ներկայացնում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև միջազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նաև մեր առաքելություններից մեկն է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները արտերկրում և հրավիրել արտասահմանյան արտիստների, ովքեր կկատարեն մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»։

Հարցին, թե ինչ կարևոր հիմնախնդիրներ ունեն, Բաբուրյանն արձագանքեց. - «Նվագախումբը որպեսզի միշտ ակտիվ լինի և կարողանա իր առազքելությունն իրականացնել, դրա համար պետք են մի փոքր ավելի շատ միջոցներ, լավ երաժիշտներ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք հրավիրել լավ արտիստների դրսից, լավ դիրիժորների, լավ մենակատարների, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն ստեղծագործությունները, որոնք պլանավորված են տարվա ընթացքում»։

Բաբուրյանը նշեց, որ այս տարի նախատեսել են շատ գեղեցիկ ծրագրեր. - «Կարծում եմ, որ մեր հանդիսատեսը շատ գոհ է մնալու մեր այս տարվա գործունեությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG