Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի օդային տարածքը ավելի քան 2 ժամով փակվել էր


Արխիվ
Արխիվ

Փետրվարի 28-ին ավելի քան երկու ժամով փակվել էր Սանկտ Պետերբուրգի օդային տարածքը։ «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել էր թռիչքներն ու վայրէջքները։

Իրավիճակի մասին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը այդ հարցում տիրապետում է ողջ տեղեկատվությանը։ Մանրամասների համար նա խորհուրդ է տվել հետևել ավիացիոն իշխանությունների և զինվորականների հաղորդագրություններին։

Կեսօրն անց սահմանափակումները հանվել են։ «Պետերբուրգի երկինքը բաց է, ժամանակավոր բոլոր սահմանափակումները հանվել են»,-հաղորդել է Սմոլնիի Տելեգրամ ալիքը։

Տեղական ժամանակով 13։00-ի սահմաններում ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ռուսաստանի արևմուտքում հակաօդային պաշտպանության հերթապահ զորքերը վարժանքներ են անցկացրել, կիրառվել են նաև կործանիչներ։ Ըստ հաղորդագրության՝ կատարվել են օդային տարածքի պայմանական սահմանախախտին հայտնաբերելու և ինքնությունը պարզելու խնդիրներ։

Ռուսական մի շարք Տելեգրամ ալիքներ գրում են, որ Պետերբուրգի օդային տարածքը փակվել էր անհայտ թռչող ապարատ հայտնվելու պատճառով, որը արտաքինից նման էր մեծ ԱԹՍ-ի։

Սանկտ Պետերբուրգի երկինքը փակվելու միջադեպից բացի, հաղորդվում է, որ անցած գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքեր են ընկել Ռուսաստանի տարածքում՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կրասնոդարի մարզերում։ Մի շարք շրջանների բնակիչներին ռադիոյի և հեռուստատեսության միջոցով զգուշացրել են թաքնվել ապաստարաններում՝ պաշտպանվելու համար հրթիռային հարձակումներից։ Վերջին լուրի կապակցությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ասել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ԱԻՆ-ի՝ այդ ռադիոկայաններն ու հեռուստաընկերությունները ենթարկվել էին հաքերային հարձակման, նրանց սերվերները կոտրվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG