Մատչելիության հղումներ

ԲՈԿ-ի նախկին նախագահը դեմ է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու նախագծին


Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Կարեն Քեռյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Կարեն Քեռյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառում է մի նախագիծ, որով ստեղծվելու է Բարձրագույն կրթության և գիտության նոր կոմիտե, որն իր մեջ ներառելու է այս պահին գործող գիտական երկու կառույցների ու նախարարության մեկ վարչության գործառույթները։

Գիտական աստիճաններ շնորհող կառույցի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին ղեկավար Կարեն Քեռյանը դեմ է այս ծրագրին, հենց այդ պատճառով էլ նախորդ ամիս հրաժարական տվեց։ Ասում է՝ եթե նախկինում իր ղեկավարած կոմիտեն, գիտական ներուժի զարգացման համար ստեղծված գերատեսչությունը՝ Գիտության կոմիտեն, ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը միավորվեն, ոլորտի զարգացումը կվտանգվի։

«Շատ մեծ ծավալի գործ մեկ կոմիտեի նախագահի պատասխանատվության ներքո է հայտնվում, որը անհնարին է սուբյեկտիվ որոշումներ չառաջանան։ Որովհետև հակակշռող ոչինչ չի լինի։ Օրինակ, բուհերի միավորումը։ Օրինակ, TOP 500-ում 2030 թվականին չորս բուհ ունենալը։ Բարձրագույն որակավորման կոմիտեն, Գիտության կոմիտեն ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը պետք ա կարողանան համագործակցեն, ոչ թե բերենք բոլորը մի տեղ լցնենք», - ասում է Քեռյանը։

Նա նաև ԳԱԱ ինստիտուտների վերացման վտանգ է տեսնում։ Թեև նախագծի հեղինակը Գիտության կոմիտեն է, այդուհանդերձ, մեր հարցերին պատասխանեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, չմեկնաբանելով Քեռյանի մտահոգությունները, փոխանցեց, որ գործող օրենքը դեռ 2000-ին է ընդունվել, պարզապես 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո այն պատշաճ չի վերանյավել, հետևաբար բարեփոխումների կարիք կար։ Իսկ նպատակը, ըստ նրա, միասնական մեկ մարմին ստեղծելն է, որ գիտության տարբեր ճյուղերի ֆինանսավորումն ավելի արդյունավետ լինի, որ աշխատանքն ավելի ճկուն, արագ ու արդյունավետ դառնա. - «Նախագիծը ի սկզբանե միտված է ոլորտում իրականացվող քաղաքականության ուղղությունները առաջ տանելու և բարեփոխումների ընթացքը ավելի կանոնակարգելու, նույնիսկ արագացնելու միջումով։ Նաև զուգահեռ ընթանում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակման աշխատանքներ։ Եվ այդ օրենքի հիմնական, առանցքային կետը բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ինտեգրումն է»։

ԲՈԿ-ի ու Գիտության կոմիտեի միավորման մասին խոսվում է արդեն մի քանի տարի։ Թերևս կարելի է նորություն համարել միայն նախարարության հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներառումն այս ցանկում։

ԲՈԿ-ի նախկին նախագահն ասում է՝ երբ իր դիրքորոշումը նախարարին է ներկայացրել, նախագիծն արդեն պատրաստ է եղել, մինչև այդ չի ունեցել նման հնարավորություն։ Նախարարը չի ընդունել իր մտահոգությունները։ Քեռյանը շարունակում է պնդել, որ այս երեք կառույցների միավորումը ենթադրում է միանձնյա ղեկավարում։

«Հակակշիռներն են վերանում, բանավեճերի հնարավորություն չի լինելու», - ասում է Քեռյանը։ - «Միանձնյա կառավարման համակարգ ենք ուզում ստեղծել, որ երկրորդ, երրորդ անձինք չլինեն, այլ կոմիտեների նախագահներ չլինեն, այլ փոխնախարար չլինի նույն ոլորտում, որը կարող է գլուխ հանել էդ ամեն ինչից ու կարծիք տալ։ Էն ռեֆորմները, որ ակնկալվում են, էդ ռեֆորմները, էդ ստատուսը, էդ հնարավորությունները ունեցող կառույցը պարզապես ֆիզիկապես չի կարող անել»։

Մեկ փոխնախարարն ու երկու կոմիտեների նախագահները կարող են իրեր հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ երկու տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն մեկ նման պաշտոնյա երեքի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա։ ԲՈԿ-ի նախկին նախագահի այս մտահոգության հետ համաձայն չէ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը՝ պնդելով, որ - բանավեճեր միշտ են լինելու. - «Ես էլ հակառակն եմ ասում, որ նախագիծ, կամ որոշ միջոցառում, կամ քայլ ձեռնարկելիս այդ մարմնում կքննարկվի տարբեր ուղղություններով՝ և' բարձրագույնի տեսակետից, և' գիտության տեսակետից, և' ընդհանրապես, և կոնկրետ նոր ստեղծվող պետական մարմնից դուրս կգա մի նախագիծ, որը կարտահայտի և' բարձրագույնի, և' գիտության տեսակետները»։

ԲՈԿ-ի նախկին ղեկավարի կարծիքով, անգամ միավորման դեպքում այս կառույցը պետք է ոչ թե Կրթության նախարարության, այլ գոնե կառավարության ենթակայությամբ գործի, որպեսզի վերահսկման մեխանիզմներն ավելի ընդարձակ լինեն։

Կոմիտեների միաձուլման վերաբերյալ այս վերջին նախագիծը հանրային քննարկման էր դրվել փետրվարին։ Այն արդեն փակ է առաջարկությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG