Վերջին երեք տարիներին Կինոգործիչների միության ջանքերով ամբողջովին փոխվել է Կինոյի տունը. գործում է Կինոյի թանգարանը, ամբողջովին վերանորոգվել են երեք դահլիճները, ստեղծվել է մեծ կինոդարան, որտեղ պահվում են հարյուրավոր ֆիլմեր՝ նկարահանված թե' ժապավենային, թե' թվային տարբերակով, գործում է հատուկ կրթական ծրագիր։
Եվ այս ամենը, ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտում էր անվանի կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, մեկ անգամ ևս գալիս է հաստատելու կինոյի բացառիկ դերը մեր երկրի և մեր ժողովրդի համար. - «Կինոյի տունը փորձում ենք լուրջ մշակութային կենտրոն դարձնել։ Կինոն շատ կարևոր գործիք է հայ ազգի համար, կարևոր զենք է, և պետք է լրջորեն օգտագործել կինոն հայ ազգի պատմությունը պատմելու համար, ժառանգության մասին խոսելու համար, դարդ ու հոգսը, վիճակը աշխարհով մեկ տարածելու համար, առավելությունները ներկայացնելու համար։ Բայց, դժբախտաբար, մեծ, լուրջ ֆինանսավորում չի կատարվում։ Վերջերս, փառք Աստծո, մի քիչ ավելացրեցին ֆինանսավորումը կինոարտադրության, և շատ երիտասարդներ մտան կինո»։
Այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, որը ևս լուրջ հնարավորություններ է ընձեռելու մեր կինոգործիչներին ներկայացնել հայ կինոն աշխարհում։ Այդ հոբելյանի շրջանակներում բազմաթիվ իրադարձություններ, հանդիպումներ ու կինոցուցադրություններ են նածատեսված տարբեր երկրներում։
Հարություն Խարչատրյանի խոսքով, սա կարող է խիստ դրական դեր ունենալ նաև մեր երկրի, մեր պետության համար։ Հոբելյանական միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի հիմնադրման օրը։ Իսկ արտերկրում, մասնավորապես՝ Իտալիայի երեք քաղաքներում արդեն իսկ այս հոբելյանի շրջանակններում փետրվարի սկզբին «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը հայկական 7 ֆիլմերի ցուցադրություն էր կազմակերպել։ Դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացրել և ուշագրավ արձագանքների արժանացել։
Հարությունը խաչատրյանն արտասահմանում հայկական ֆիլմերի ցուցադության հետ կապված մի կարևոր դիտարկում է անում. - «Զարմանալին այն է, որ, ինչպես միշտ գիտենք, բայց միշտ արհամարհում ենք՝ կարծելով, թե դա երկրորդական բան է, ադրբեջանցի դիվանագետները խառնվում են բոլոր երկրներում հայկական ֆիլմեր ցուցադրության գործին, առաջարկում են իրենց սպոնսորությունը տարբեր երկրների փառատոներին, տարբեր քաղաքների քաղաքապետարաններին, որպեսզի կարողանան հայկական ֆիլմերը հանել ծրագրից և ադրբեջանական ֆիլմերը մտցնել մեջը։ Այնքան էլ շատ չեն ադրբեջանական անուն ունեցող, միջազգային արժեք ունեցող ֆիլմերը, բայց ընդհատել հայկական ֆիլմերի ընթացքը կարողանում են։ Եվ փառք Աստծու, որ այս անգամ Իտալիայում դեսպանատան աշխատակցուհին՝ փոխդեսպանը եկավ մասնակցեց և լավ ելույթներ ունեցավ։ Պետք է Իտալիայի նման բոլորը այսուհետ հասկանան, որ կինոն լուրջ քաղաքականություն է, կինոն լավ գործիք է այսօրվա Հայաստանի վիճակի մասին պատմելու, քաղաքականության մասին խոսելու, ժառանգության մասին խոսելու։ Դեսպանատների ներկայացուցիչներն անպայման պիտի միշտ մասնակցեն»։
Իտալիայում վերջերս ցուցադրված հայկական ֆիլմերի շարքում էր նաև Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը, որը մեկ ամիս առաջ առաջին անգամ ցուցադրվեց Երևանում, օրերս էլ՝ Գյումրիիում։
«Շատ հպարտ եմ, որ հենց այսօր՝ փետրվարի 23-ին, երեկոյան ցուցադրվել է Օդեսայում, այդ կիսառմբակոծված քաղաքում՝ առանց լույսի, առանց էլեկտրականության։ Մարդիկ ապահովել են գեներատորներով, լույսով, որպեսզի կարողանան այսօր իրենց քաղաքի համար մեծ հետք թողած նկարչի՝ Վահան Անանյանի հիշատակը հիշելու համար, այդ ֆիլմը, որ շատ լուրջ քննություն անցել է իրենց մոտ, շատ սիրել են ֆիլմը, այսօր ցուցադրվելու է։ Եվ ունենալու ենք հարցազրույց Օդեսայի հանդիսատեսի հետ։ Ֆիլմը մարտ ամսին կցուցադրվի նաև Սոֆիայում, իրենց փառատոնում։ Կան հրավերներ արդեն Տալլինից, Ռիգայից։ Այնպես որ, ֆիլմը գնում է իր ճանապարհով։ Դոկումենտալ-գեղարվեստական ֆիլմ է, մեկ ժամ քառասուն րոպե, շատ մեծ կտավ է։ 25, 30, 35 տարի հավաքվել է նյութը։ Ֆիլմը նկարվել է Տալլինում, Օդեսայում, Կիևում և Երևանում։ Նրա գերեզմանը կա երեք տեղ, նրա մոխիրը թաղել են երեք տեղ, որտեղ որ ինքը ստեղծագործել է, որտեղ ինքը դպրոց է ունեցել, որտեղ ինքը ունեցել է աշակերտներ, որտեղ ինքը նկարել է։ Եվ հասարակությունը այնտեղի պաշտում են նրան։ Եվ երբ մահացավ, Օդեսայում մահացավ նա, բոլորը խնդրեցին թույլ տալ նրա մասունքների մի մասնիկը թաղել իրենց քաղաքում, որ իր բարեկամները, աշակերտները կարողանան այցի գնան նրա մոտ։ Եվ նրա նկարները, որ տարածված են ամբողջ քաղաքով մեկ, կարծես թե, տեր գտնեն, տեր ունենան։ Երեք գերեզման կա. մեկը Տալլինում, մյուսը Օդեսայում, երրորդը Երևանում։ Դրա համար կոչվում է ֆիլմը «Նկարչի երեք գերեզմանները», և այդ գերեզմանների մասին պատմելու միջոցով պատմվում է մի հայ արվեստագետի ամբողջ ոդիսականը, նրա դժվարությունները, նրա փախուստը, նրա ստեղծագործելը, նրա վերադարձը Հայաստան։ Շատ մեծ արվեստագետ էր, շատ հետաքրքիր մարդ»։